ՄԻՊ․ Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ չեն կարող իրականացվել անկողմնակալ դատավարություններ

Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ չեն կարող իրականացվել անկողմնակալ և անկախ մարմինների կողմից դատավարություններ, ինչն էլ ՄԻՊ-ը խորհրդապահական կարգով ներկայացրել է միջազգային գործընկերներին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրուցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով տարածված տեղեկատվությանը, թե Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների վերաբերյալ գործի նյութերն առաջիկայում կփոխանցվեն դատարան։

Անահիտ Մանասյանը շեշտեց, որ գերիների հետ կապված հարցը ՄԻՊ-ի մանդատի շրջանակներում ներառված չէ և իրենք հարցին անդրադառնում են մարդու իրավունքների ընդհանուր սկզբունքները և արժեքները նկատի ունենալով։

«Նաև մի շարք այլ հարցեր, որոնք վերաբերելի են անմեղության կանխավարկածին, որոնք մենք էինք բացահայտել և կիսել միջազգային տարբեր գործընկերների հետ, այս ամենը հիմք է տալիս եզրակացնելու, որ անկախ ամեն ինչից այս գործընթացն իրավունքի սկզբունքներին չեն համապատասխանում»,-ասաց նա։

Պաշտպանը նաև նշեց, որ կարևոր է հարցի քաղաքական ասպեկտը. «Բոլորս ենք հասկանում, որ սրանք միայն իրավական հարթությունում լուծման ենթակա հարցեր չեն»։

News.am