ՀՀ ՆԳՆ փոխնախարարի որդին յուրացրել է ոստիկանությանը պատկանող տարածքը

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին` Հրաչյա Հովհաննիսյանը, սեփականաշնորհել է ոստիկանության կողմից օգտագործվող կայանատեղիի տարածքը, ապա զավթել է Երևան համայնքի հողամասն ու ապօրինի շինարարություն արել։ Այս մասին գրում է Hetq.am–ը։

Կայքը պարզել է ոստիկանապետի որդու կատարած ապօրինությունները, բացահայտել համակարգված գործողությունների շղթան։

Հրաչյա Հովհաննիսյանը Արտաշատ համայնքի ՔՊ-ական ղեկավարի խորհրդականն է, դրանից առաջ՝ 2021 թ-ին, ՔՊ-ի ցուցակով ավագանու թեկնածու էր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

«2015 թվականին, երբ նրա հայրը եղել է Շենգավիթի ոստիկանության բաժանմունքի պետ, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ կայանատեղիի զբաղեցրած հողամասի մի մասն աճուրդով վաճառվել է Հրաչյա Հովհաննիսյանին։ 81.66 քմ հողամասի մեկնարկային գինն աճուրդում սահմանվել է 2 միլիոն 41 հազար 500 դրամ, որը Հրաչյա Հովհաննիսյանը գնել է 2 միլիոն 143 հազար 575 դրամով։ 2016 թ-ին Հրաչյա Հովհաննիսյանը ստացել է շինթույլտվություն և ձեռք բերած հողամասի վրա երկհարկանի շինություն է կառուցել»,– գրված է հոդվածում։

Ավելի ուշ` նա զավթել է նաև նախկին կայանատեղիի մյուս մասը՝ 70 քմ և 4 քմ հողամասերը, որտեղ նույնպես ապօրինի շենք է կառուցել։

2021 և 2022 թթ-ին (Երևանի քաղաքապետներ Հայկ Մարությանի ու Հրաչյա Սարգսյանի օրոք) Արամ Հովհաննիսյանի որդու ապօրինությունները օրինականացվել են։

Ընդհանուր 74 քմ հողամասի համար Հովհաննիսյանը Երևան համայնքի բյուջե է վճարել 2 միլիոն 8 հազար 692 դրամ։

Այս տարածքը ձեռք բերելուց հետո Հրաչյա Հովհաննիսյանը կրկին շինթույլտվություն է ստացել և վերակառուցել արդեն գոյություն ունեցող երկհարկանի շինությունը։ Ընդհանուր առմամբ 156 քմ հողամասի վրա այժմ հասարակական նշանակության երկհարկանի շինություն կա, որտեղ տարբեր տնտեսվարողներ տարածք են վարձակալել և գործունեություն են ծավալում։

Sputnik Արմենիա