Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է արտաքսված ներգաղթյալների 50 տոկոս աճի մասին

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ 2024 թվականի յոթ ամսում երկրից արտաքսված օտարերկրյա քաղաքացիների թիվը նախորդ տարվա համեմատ 50 տոկոսով ավելացել է, հայտնում է «Интерфакс»-ը։

«Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով ՌԴ տարածքից օտարերկրացիներին արտաքսելու (վարչական վտարման և արտաքսման մասին) 92,8 հազար որոշում է ընդունվել, ինչը 53,2 տոկոսով ավելի է, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում»,- ասված է ՌԴ ՆԳՆ տարածքային մարմինների միգրացիոն հարցերով ստորաբաժանումների գործունեության արդյունքների վերաբերյալ վերլուծական տեղեկանքում։

Ոստիկանության տվյալներով՝ այս ընթացքում ՌԴ-ից հեռացվել է շուրջ 65 հազար օրինախախտ օտարերկրացի, ինչը 55,2%-ով գերազանցում է 2023 թվականի առաջին կիսամյակի աշխատանքի արդյունքները։

Տարեսկզբից հատուկ հաստատություններում պահվող և վարչական վտարման, արտաքսման կամ ռեադմիսիայի (պայմանավորվող կողմերի տարածքում անօրինական գտնվող անձանց մշտական ​​բնակության երկիր վերադառնալու) ենթակա օտարերկրյա քաղաքացիների թիվն աճել է 28,2%-ով (4338-ից հասնելով 5562-ի)։ 1053 անձի նկատմամբ ՌԴ քաղաքացիությունից զրկելու որոշում է ընդունվել։

Յոթ ամսվա ընթացքում ոստիկանությունը ՌԴ մուտքի թույլտվությունը մերժելու 143,1 հազար որոշում է ընդունել, ինչը 53,1 հազարով ավելի է, քան 2023 թվականին։ Բացի դրանից, նվազել են օտարերկրացիներին տրված ժամանակավոր կացության թույլտվությունները (-44,2%, 27 հազար 949 մարդ) և կացության թույլտվությունները (-18,4%, 135 հազար 275 մարդ)։

Միաժամանակ 3,1 անգամ ավելացել է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ոստիկանական ոչ պլանային ստուգումները՝ 1685-ից հասնելով 5153-ի, ինչի արդյունքում բացահայտվել է 2,3 անգամ ավելի իրավախախտում (իրավախախտումների թիվը 8412-ից հասնելով 19 հազար 139-ի)։

Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունների թիվն աճել է ավելի քան 40%-ով (1 միլիոն 659 հազար մարդ)։ Միգրացիայի ոլորտում վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների ընդհանուր թիվը հասել է ավելի քան 1 միլիոնի (+7,2%)։

News.am