ՍԱ Է ՆՐԱ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՕՐՈՔ ՀՀ 200 քառ. կմ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԴԵՕԿՈՒՊԱՑԻԱ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ
Նիկոլի հայտարարությունները քննարկելը կանխահայտ անշնորհակալ գործ է՝ բազմաթիվ ու հայտնի պատճառներով։ Այդուհանդերձ փորձագիտական հանրությունն ու ԶԼՄ-ները ստիպված են հաշվի առնել նրա ասածներից ամենակարևորը, քանի որ խոսքը պետության անունից քաղաքականություն վարելու և որոշումներ կայացնելու լիազորություններով օժտված անձի գործողությունների և մտադրությունների մասին է:
Տվյալ համատեքստում արժե հիշել օգոստոսի 31-ին կայացած ասուլիսում նրա հայտարարություններից մեկը, որը չարժանացավ պատշաճ հանրային ուշադրության։ Թեև խոսքը կարևորագույն խնդրի՝ 2021 թվականի մայիսի 12-ից ի վեր Հայաստանի Հանրապետության 200 քառ.կմ ինքնիշխան տարածքի բռնազավթման մասին է։
Արցախյան աղետի եվ գոյաբանական կարեվորության շարունակ ընդարձակվող խնդիրների խորապատկերին այդ բռնազավթման մասին արդեն գրեթե չեն խոսում։ Երկիրը պարզապես վարժվել է ապրել իր տարածքում թշնամական պետության զինված ստորաբաժանումների ներկայության պայմաններում, որոնք շատ ազատ են զգում իրենց և ամենօրյա ռեժիմով ամրապնդում սեփական ներկայությունը։
Անցած ավելի քան 3 տարիների ընթացքում Ադրբեջանը ոչ միայն դուրս չի բերել իր զորքերը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից, այլև հակառակը, առաջ է շարժվել՝ մեթոդաբար ընդլայնելով օկուպացիայի տարածքը։ Հայաստանի իշխանություններն այս ողջ ընթացքում ակնհայտ ագրեսիային ի պատասխան ոչինչ չեն ձեռնարկել։ Եվ եթե ամենասկզբում ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Եվրամիությունը Բաքվից պահանջում էին դուրս բերել զորքերը ՀՀ տարածքից, ապա պաշտոնական Երևանի գիտակցված լռության պայմաններում ոչ ոք այլևս չի հիշում օկուպացիայի մասին։ Եթե անգամ ՀՀ իշխանություններն անդրադառնում են այդ թեմային, ապա բացառապես ՀԱՊԿ-ի համատեքստում։
Մինչդեռ, օգոստոսի 31-ի ասուլիսում Նիկոլը հստակ հասկացրեց, որ դեօկուպացիա չի լինելու։ «Այսօր և վաղը և մյուս օրը խնդիր չենք դնում այդ տարածքների նկատմամբ մեր ինքնիշխանությունը ռազմական ճանապարհով վերականգնելու: Ինչո՞ւ, որովհետև համարում ենք, որ այն պայմանավորվածությունները և այն սկզբունքները, որոնք արդեն որդեգրված են, հնարավորություն են տալիս, որ բացառապես խաղաղ բանակցային եղանակով, այդ թվում սահմանազատման գործընթացում մեր խնդիրները լուծենք: Այնպես որ Հայաստանը որևէ ագրեսիվ նպատակ չունի, և սա մեր քաղաքականությունն է»,- հայտարարեց նա։
Ուշադրություն դարձրեք «ագրեսիվ նպատակ» ձևակերպմանը։ Պետության ղեկավարը ագրեսիա է համարում սեփական ինքնիշխան տարածքներն այլ պետության զինված ուժերից ազատելուն ուղղված միջոցները: Ագրեսորը, Փաշինյանի պատկերացմամբ, նա չէ, ով հանցավոր կերպով ներխուժել է այդ տարածքներ և ռազմական ճանապարհով տիրացել դրանց՝ 3 տարվա ընթացքում սպանելով տվյալ երկրի մի քանի հարյուր զինծառայողի։ Նշենք, ի դեպ, որ Նիկոլը ոչ մի անգամ ագրեսոր չի անվանել Ադրբեջանին. ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ առավեևս Արցախի բռնազավթման համատեքստում։ Ոչ, նա ագրեսիա է համարում սեփական տարածքներն օտար զինված ուժերի ներկայությունից ազատելու փորձերը, ուստի հրապարակավ հրաժարվում է այդօրինակ փորձերից։
Աբսո՞ւրդ է։ Դե, ոչ ավելի, քան այդ կերպարի անթիվ այլ հայտարարություններ:
Արժե, սակայն, շատ հակիրճ հիշել բռնազավթման փաստի ընկալման «էվոլյուցիան» ՀՀ իշխանությունների և անձամբ Նիկոլի կողմից։
2021թ. մայիսի 12-ին նա հրավիրեց Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ «քննարկելու Սյունիքի մարզի Սև լճի շրջանում ստեղծված իրավիճակը և հետագա քայլերը»: Ընթացիկ իրավիճակն անվանելով «անընդունելի»՝ նա հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող պարզապես համակերպվել դրա հետ։ «Մեր առաջնահերթությունը այդ հարցի լուծումն է բանակցությունների և դիվանագիտության միջոցով։ Բայց սա տարբերակներից միայն մեկն է»,- ասաց Փաշինյանը՝ չնշելով, թե ինչ այլ «տարբերակներ» նկատի ունի։
2021 թվականի մայիսի 27-ին ադրբեջանական կողմը հենց զավթած տարածքներում առևանգեց 6 հայ զինծառայողների։ Նիկոլը սպառնալից տեսք ընդունեց և կրկին հայտարարեց, որ «տեղի ունեցած պրոցեսները բացարձակապես անընդունելի են Հայաստանի համար» և «Ադրբեջանի զինված ուժերը պետք է անվերապահորեն լքեն Հայաստանի տարածքը»։
2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Բաքուն նոր ագրեսիվ գործողությունների դիմեց՝ հարձակվելով հայկական դիրքերի վրա Վարդենիսի, Սոթքի, Գորիսի և Ջերմուկի շրջանում։ Երկօրյա մարտերի արդյունքում, պաշտոնական տվյալներով, զոհվեց և անհայտ կորավ 204 հայ զինծառայող: Սեպտեմբերի 14-ին Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ «Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի ևս 10 քառ.կմ տարածք»՝ ի լրումն նախորդ տարի զավթաց 40-ի:
Եվ «ահեղ» դեմքով հայտարարեց. Հայաստանը, իբր, պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միայն այն դեպքում, եթե վերջինս հեռանա իր ինքնիշխան տարածքներից, այլապես դա չի լինի։
Ընդամենը երեք շաբաթ անց՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ։ Ավելի ուշ նա հայտարարեց, թե արել է դա «Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նպատակով»։ Ադրբեջանական զինուժը շարունակեց մնալ ՀՀ տարածքում և ընդլայնել օկուպացիայի գոտին։
Ընդ որում իշխանության ներկայացուցիչները երկար ժամանակ խուսափում էին հայտնել գրավյալ տարածքների ճշգրիտ մակերեսը։ Տարբեր ժամանակ նշվել է 130 քառ. կմ (ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Ասրյան, 2022թ. հոկտեմբեր), 140 քառ. կմ (Փաշինյան, 2022թ. նոյեմբեր), 150 քառ. կմ (Սիմոնյան, 2023թ. մարտ): Վերջապես, 2023 թվականի նոյեմբերին Միրզոյանը, ելույթ ունենալով ԱԺ-ում, ասաց, որ իրեն «հայտնի է այդպիսի մոտ 200 քառակուսի կիլոմետր Հայաստանի Հանրապետության տարածք, որոնք հիմա գտնվում են ադրբեջանական ուժերի ներքո»։
Ժամանակի հետ ՀՀ իշխանությունները պարզապես դադարեցին պահանջել թշնամական զորքերի դուրսբերում։ «Ադրբեջանցիները կսովածանան ու կհեռանան Ջերմուկի շրջանի մեր տարածքից» կարգի մառազմատիկ հայտարարություններին, որոնցով չամաչեց աչքի ընկնել գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, և «զորքերի հայելային հետքաշման» մասին Բաքվին փաշինյանական թայֆայի ոչ պակաս մառազմատիկ առաջարկներին դժվար թե արժե անդրադառնալ։
Փոխարենը «Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչած» Ալիևը գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարում է «Արևմտյան Ադրբեջանի» և «Ադրբեջանին ողջ Հայաստանի տարածքի պատմական պատկանելության մասին»։
Այս խորապատկերին 2024 թվականի հունիսի 6-ին փաշինյանական մտքերի ու ծրագրերի վերահեռարձակողներից մեկը՝ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց, թե օկուպացված տարածքները «այն հարցը չեն, որը կարելի է լուծել մի օրում, դա չեն լուծի ոչ այս իշխանությունները, ոչ էլ նույնիսկ հաջորդները»։ Երկու ամիս անց՝ օգոստոսի 31-ին, Փաշինյանն անձամբ հրապարակավ խոստովանեց, որ ո՛չ այսօր, ո՛չ վաղը, ո՛չ էլ մյուս օրը մտադիր չէ լուծել խնդիրը։
«Նայում եմ Փաշինյանի ասուլիսը... Ամեն հայտարարությունը խոստովանություն է պետության դեմ հանցագործության մասին»,- գրել է Ֆեյսբուքի մի օգտատեր: Դե ինչ, ահավասիկ այդ խոստովանություններից մեկը: Ուրիշ ինչպե՞ս անվանել պետության ղեկավարի հրաժարումը՝ ազատագրելու երկրի ինքնիշխան տարածքները, որոնք տարիներ շարունակ բռնազավթված են մնում այլ պետության բանակի կողմից, որն ընդ որում բացահայտ ու մշտապես հայտարարում է քո ամբողջ տարածքի նկատմամբ իր նկրտումների մասին։