Դավիթ ԱՆԱՆՅԱՆ․ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԵՐԿԻՐԸ ՄՐՑՈՒՄ ԵՆ, ԹԵ ՈՐՆ ԱՎԵԼԻ ԱՐԱԳ ԿՓԼՈՒԶՎԻ

Հայաստանի տնտեսությունը փլուզման ճանապարհին է։ Այս տեսակետը հայտնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում։

Նա նշել է, որ գործող իշխանության իրական նպատակը մեծամասնության հետ «մերձենալն» է, այն մեծամասնության, որն իրենից ներկայացնում է պոտենցիալ ընտրազանգված, ընդհանուր առմամբ զուրկ է ազգային ինքնությունից և, ըստ էության, դեմ չէ վերածվել բիոզանգվածի։

«Սրանք բարձրացնում և ֆետիշացնում են երկրի պատրանքային ձեռքբերումները, որոնք ստեղծված են այս «որակյալ» մեծամասնությանը հաճոյանալու համար՝ ստեղծելով վիրտուալ աշխարհ՝ փառաբանված տնտեսական աճի տեմպերով և փայլուն ապագայի խոստումներով։ Մինչդեռ մենք՝ քննադատաբար մտածող փոքրամասնությունը, տեսնում ենք իրական պատկերը՝ տնտեսությունն ու երկիրը փաստացի մրցում են, թե դրանցից որն ավելի արագ կփլուզվի»,– գրել է Անանյանը։

ՊԵԿ նախկին նախագահի խոսքով` իշխանությունն իրեն հետաքրքրող մեծամասնության համար ստեղծում է արհեստական ներքին օրակարգեր, որոնք շեղում և լցնում են նրանց գիտակցությունը էապես մանր հարցերով, և այս հմուտ մանիպուլյացիան ուղղված է նրանց ապրելակերպի պահպանմանն ու իշխանությանը սատարող ընտրական ապարատի անվերջ վերարտադրության բաղձանքին։

Sputnik Արմենիա