Սոբհանի․ Հայաստան-Իրան-Հնդկաստան առևտրային երթուղին բխում է երեք երկրների շահերից

Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ տրանսպորտային երթուղին բխում է երեք երկրների ժողովուրդների շահերից։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Ավելի վաղ մեզ հայտնի էր դարձել, որ Հայաստանը, Իրանն ու Հնդկաստանը առևտրային երթուղի կգործարկեն և այդ հարցով եռակողմ հանդիպում է նախատեսվում։

«Հայաստանի, Հնդկաստանի և Իրանի միջև բեռնափոխադրումներ արդեն իրականացվում են։ Հնդկական կողմը Հայաստանի ուղղությամբ բեռնափոխադրումներ է իրականացնում «Բենդեր–Աբաս» և «Չաբահար» նավահանգիստներով», – ասաց իրանցի դիվանագետը։

Նրա խոսքով` հնդկական կողմը շատ հետաքրքրված է այդ երթուղով։

Հիշեցնենք, որ այդ ճանապարհով նախատեսվում է բեռնափոխադրում իրականացնել Պարսից ծոցի երկրներից և Հնդկաստանից դեպի ԵՄ և ԵԱՏՄ։ Այսպես բեռները հնդկական «Մումբայ» նավահանգստից կարող են առաքվել «Չաբահար» նավահանգիստ (Իրանի հարավ-արևելք), այնուհետև ցամաքային ճանապարհով` Հայաստան (կա՛մ ավտոմոբիլային ճանապարհով, կա՛մ երկաթուղով), այնուհետև Վրաստան, այնտեղից՝ Բուլղարիայի կամ Հունաստանի նավահանգիստներ կամ Ռուսաստան (ծովային նավահանգիստների կամ Վերին Լարսի անցակետով)։

Հայաստանով անցնող ճանապարհը կարևոր է Իրանի և Հնդկաստանի համար, որոնք ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց ապրանքների մատակարարումները։