ՄԱԿ-ի ՊԳԿ գլխավոր տնօրենը այցելել է Հայաստանում իրականացվող ծրագրերի գործընկերներին
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չյու Դոնգյունը, Հայաստան կատարած իր եռօրյա այցի ընթացքում ասել է, որ երկիրը կարող է պարծենալ իր հզոր բնական ռեսուրսներով, որոնք կարող են օգտագործվել գյուղական համայնքներում եկամուտներն ավելացնելու և ֆերմերների ապրուստը բարելավելու համար։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակից:
«Ագրոանտառային տնտեսության զարգացմանն ուղված նախաձեռնությունները խոստումնալից են»,- նշել է նա:
«Ֆերմերները, այսպես ասած, երկու հիմնական «ղեկավար» ունեն՝ տնտեսությունը և շրջակա միջավայրը»,- ասել է Չյու Դոնգյուն Հրազդանի մերձակայքում ՊԳԿ-ի աջակցությամբ հիմնած անտառային տնկարկներ այցելության ժամանակ, ընդգծելով՝ «Հավասարակշռությունը կարևոր է այս հարցում»։
Առողջ անտառների խթանումը կարող է նպաստել տնային տնտեսությունների եկամուտների ավելացմանն ու միջավայրի բարելավմանը, որը համահունչ է ՊԳԿ-ի «Չորս ավելի լավ սկզբունքներին», այն է՝ ավելի լավ արտադրություն, ավելի լավ սնուցում, ավելի լավ շրջակա միջավայր և ավելի լավ կյանք բոլորի համար՝ ոչ ոքի հետ չթողնելով։
Հրազդանի անտառտնտեսություն այցի ընթացքում ՊԳԿ պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Արամ Մեյմարյանը։
Հայաստանը կենսաբազմազանության համաշխարհային 35 թեժ կետերից մեկն է, և երկրի անտառները բարեխառն բիոմներում ամենավտանգված էկոհամակարգերից են։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն իրականացնում է Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ութամյա ծրագիր։ Այն առաջինն է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, որն ուղղված է երկրում անտառների դիմադրողականության բարելավմանը:
1993 թ.-ից ի վեր, երբ Հայաստանը դարձավ ՊԳԿ անդամ, ՊԳԿ-ն հաջողությամբ համագործակցում է կառավարության և ազգային այլ կարևոր դերակատարների հետ մի շարք ոլորտներում։ Եվ այսօր արդեն տասնյակ ծրագրեր են իրականացվել՝ սկսած հայկական առասպելական խաղողի և ծիրանի կոլեկցիոն այգիների հիմնումից մինչև «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը:
Երկուշաբթի օրը, ՄԱԿ-ի ՊԳԿ գլխավոր տնօրենը էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հրաչյա Զաքոյանի ուղեկցությամբ հանդիպել է առաջին կուրսի ուսանողների հետ՝ ներկայացնելով ՊԳԿ-ի և Հայաստանի միջև երկարատև համագործակցությունը և ընդգծել գիտության, նորարարության և թվային տեխնոլոգիաների կարևորությունն ագրոպարենային համակարգերի փոխակերպման և ժամանակակից գյուղատնտեսության խնդիրներին դիմակայելու գործում։
ՊԳԿ-ն աշխատում է համալսարանի հողերի փորձարկման լաբորատորիայի հետ՝ RECSOIL նախաձեռնության միջոցով՝ կենտրոնանալով հողերը օրգանական ածխածնով հարստացնելու և տվյալների ընդլայնման վրա ու ակնկալում է խորացնել համագործակցությունը համալսարանի՝ երկրի առաջնակարգ ագրարային բարձրագույն ուսումնական հաստատության հետ:
Գլխավոր տնօրենն այնուհետև մեկնել է Արարատի մարզ՝ ստուգելու ՊԳԿ-ի կողմից իրականացված «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը, որը ներառում է ջերմոցային, ինչպես նաև մրգերի չորացման (չրերի) աշխատանքներ:
Ավելի ուշ նա այցելել է խաղողի այգի։ ՊԳԿ-ն ունի Հայաստանին աջակցման վաղեմի պատմություն վերականգնելու 8000-ամյա խաղողագործության պատմությունը։ Հայաստանն ունի բազմաթիվ տեղային (լոկալ) սորտեր, որոնցից շատերը, սակայն, անհետացման վտանգի տակ են: «Երկրում գինու արտադրության առաջխաղացման համար կարևոր է կենտրոնանալ խաղողի սորտերի գենետիկական գնահատման վրա»,- ասել է Չյու Դոնգյուն: