ԼՈՒԻՍ ՄՈՐԵՆՈ ՕԿԱՄՊՈ․ ԱԼԻԵՎԻՆ ԿԱՐՈՂ Է ՏՐՎԻ ԱՄԲՈՂՋ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԱՎԹԵԼՈՒ ՀԶՈՐ ՀԱՐԹԱԿ
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որը զեկույց էր գրել՝ օկուպացված Արցախում հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի գործողությունները որակելով որպես «ցեղասպանություն», երկրորդ բաց նամակն է հղել աշխարհասփյուռ հայությանը։ Նա նշել է երեք խնդիր, որոնք փոխկապակցված են:
«Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու ընթացքում շարունակում է մնալ վտանգի տակ: Հստակություն չկա նրա վերաբերյալ, թե ինչպես կարող է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ 2023 թվականի ցեղասպանության զոհերը, ապահով վերադառնալ իրենց նախնիների հողը: 23 հայ պատանդներ շարունակում են պահվել Բաքվի բանտերում։
Ադրբեջանը 2024 թվականի նոյեմբերին Բաքվում «COP հանուն խաղաղության» անվան տակ հյուրընկալելու է COP29-ը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով գագաթնաժողովը։ Եթե հայերն ազատ չարձակվեն, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անտեսվի COP29-ին մասնակցող պատվիրակների կողմից, ապա նախագահ Ալիևին կտրվի հզոր հարթակ՝ էլ ավելի մեծացնելու ամբողջ Հայաստանը զավթելու իր աշխարհաքաղաքական հավակնությունները:Նման սցենարը ոչ միայն կժխտի Լեռնային Ղարաբաղի ցեղասպանությունը և պատանդներին կդատապարտի երկարամյա բանտարկության, այլև ամբողջ համայնքն անցյալի մոռացված մասունք կդարձնի, և դա կմեծացնի վտանգը հենց Հայաստանի համար», - գրել է Օկամպոն:
Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունները շատ բարդ բանակցություններ են վարում:
«Հայությունը՝ Հայաստանում և Սփյուռքում, և ինձ նման մարդիկ, որոնք մտահոգված են ցեղասպանություններով և պատերազմներով, պետք է հարգեն այդ ջանքերը՝ բարձրացնելով խնդրի մասին իրազեկվածությունը և համախմբելով ողջ հայությանը` պաշտպանելու ժողովրդին ու հողը:
Եվ դա տեղի է ունենում, ամբողջ աշխարհից հայերն արշավ են անում: Օգոստոսի 23-ին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը դիմել է ԱՄՆ պետքարտուղարին՝ ապահովելու Ադրբեջանից բոլոր հայ կալանավորների ազատ արձակումը: Նա գիտակցում է ԱՄՆ-ի ջանքերը, բայց անհանգստացած է, որ Բլինկենի խոսքերը «անուշադրության են մատնվել և շարունակելու են անտեսվել»:
Անցած ամսվա ընթացքում ավելի քան 30 երկրներից հազարավոր մարդիկ, որոնցից շատերը հայ նախնիներ ունեն, հավաքվել են թվային ֆորումներում և սոցիալական ցանցերում: Նրանց միավորել են նույն հեշթեգները՝ #COP29, # StopGreenwashGenocide, #FreeArmenianHostages, #FreePoliticalPrisoners։ Այժմ ժամանակն է ընդլայնելու շարժումը և կապելու այն ամբողջ աշխարհում որոշում կայացնողների հետ: Ալիևի զոհերը միայն հայերը չեն: Նա ազդում է շրջակա միջավայրի, ադրբեջանցի քաղաքացիների և նույնիսկ եվրոպացի պատգամավորների վրա։ Ադրբեջանը, որը հարստացել է հանածո վառելիքով, առաջատար դիրք է գրավում կլիմայի փոփոխությունը շեղող գլոբալ ջանքերում: Վարչախումբը ոչ ոքի չի խղճում, նա ճնշում է լրագրողներին, ակադեմիկոսներին, իր սահմաններում ցանկացած այլախոհի», - շարունակել է Օկամպոն:
Իրավապաշտպանի համոզմամբ՝ հաջորդ քայլը կլինի COP29-ի պատվիրակներից պահանջել բարձրաձայնել այս հարցերի շուրջ:
Նա հավելել է, որ ուրախ է սեպտեմբերի 9-ին Հայաստան այցելելու հրավեր ստանալու կապակցությամբ:
«Սա բացառիկ հնարավորություն կլինի հանդիպելու Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և մշակելու ընդհանուր ռազմավարություն:
Հայե՛ր, եկեք պաշտպանե՛նք Հայաստանը և առաջնորդե՛նք աշխարհը դեպի իսկապես խաղաղ COP29», - եզրափակել է Օկամպոն: