ԱԱԾ-ն առաջարկում է տուգանել պետական գաղտնիքի պահպանման կանոնների խախտման և արտահոսքի համար

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է խստացնել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման բնագավառում օրենսդրության պահանջները չկատարելու համար նախատեսվող պատասխանատվությունը և 50 000 դրամից մինչև 600 000 դրամ տուգանք սահմանել` կախված խախտման տեսակից։

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Վարչական իրավախախտումների օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը ներկայացրեց ԱԱԾ իրավաբանական վարչության պետ Նելլի Մանանդյանը։

«Դրա ընդունումը պայմանավորված է պետական մարմիններում և ՏԻՄ-երում, կազմակերպություններում և իրավաբանական անձանց գաղտնիության ռեժիմի ապահովման, հնարավոր խախտումների կանխարգելման և գաղտնի տվյալների արտահոսքի պայմանների բացառման անհրաժեշտությամբ»,– ասաց Մանանդյանը` հավելելով, որ գաղտնի աշխատանքներ կատարելիս մասնավոր ընկերությունները պարտավոր են իրենց գործունեության վայրը փոխելիս պատշաճ իրազեկել ԱԱԾ–ին։

ԱԱԾ պաշտոնյան շեշտեց` ամփոփվել են գաղտնի տեղեկությունների գաղտնագրման, այդպիսի տեղեկությունների պահպանության, գաղտնազերծման, ոչնչացման, համակարգչի միջոցով դրանց փոխանցման ընթացակարգերի վերաբերող հիմնական խախտումները։ Դրանց համար համապատասխանաբար համաչափ տույժեր են նախատեսվում։

Նախագծով` լրացվող իրավախախտումները քննելու է ԱԱԾ–ն։

Առաջարկվում է մեկ այլ լրացում ևս կատարել օրենսգրքում` հստակեցնելով պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության շրջանակը` դրանում ներառելով նաև պետության անվտանգության ապահովման բնագավառը։

Մանանդյանը վստահ է` նախագծի ընդունմամբ ԱԱԾ–ն առավել արդյունավետ կիրականացնի գաղտնիության ռեժիմի ապահովման միջգերատեսչական վերահսկողության իր գործառույթը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հետաքրքրվեց` ինչ խնդիրների է բախվել պետությունը, որ անհրաժեշտություն է առաջացել օրենքում խստացումներ անելու համար։

«Որպես այդպիսին, խնդիրներ չեմ նշի, չնայած գլոբալ խնդիրներ չկան։ Հարցը նրանում է, որ օրենսդրական բաց կա։ Ներկայիս օրենքով` եթե միջգերատեսչական վերահսկողության շրջանակներում ԱԱԾ ներկայացուցիչը մասնավոր հատվածում կամ հանրային իշխանություններից որևէ մեկի մոտ գաղտնիության ապահովման ոլորտում նկատում էր խախտում, ապա սահմանափակվում ենք ուղղակի բանավոր նախազգուշացումով։ Ներգործության որևէ միջոց չկա, որն ավելի կամրապնդի խնդրի հետագայում չկրկնվելու հանգամանքը»,– պատասխանեց Մանանդյանը` նշելով, որ իրենք վերահսկողություն են իրականացնում նաև այն մասնավոր կազմակերպությունների նկատմամբ, որոնք իրենց գործունեության բնույթից ելնելով ստանում են գաղտնի աշխատանքներ կատարելու թույլտվություն։

Պաշտոնյան վստահ է` օրենքում փոփոխություն չանելու պարագայում գաղտնիության արտահոսքի նպաստավոր պայմաններ կստեղծվեն։

Sputnik Արմենիա