«Ձգձգում են, որ հետաքրքրությունը մարի». Civic.am-ի դեմ Բագրատ Սրբազանի հայցի քննությունը հետաձգվեց
ՔՊ-ին պատկանող Civic լրատվամիջոցի դեմ Բագրատ Սրբազանի հայցի քննությունը այսօր հետաձգվեց։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբան Աննա Փիլոսյանը խոսելով դատական նիստի հետաձգման պատճառներից, ասաց, որ պատճառաբանվել էր, որ ՔՊ ներկայացուցիչը նոր է ներգրավվել և անհրաժեշտություն ունի գործի նյութերին ծանոթանալու։
Նրա խոսքով՝ այս վարքագիծը կանխատեսելի էր, որովհետև, կարծում են, որ պատասխանող կողմն ամեն կերպ ձգձգելու է գործի քննությունը, որպեսզի ժամանակի ընթացքում հանրային հետաքրքրությունը հարցի նկատմամբ մարի և անբարենպաստ դատական ակտի դեպքում անգամ համաչափ արձագանք չլինի արատավորող տեղեկությանը, որը տարածվել էր։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Դավիթ Լևոնյանի հայտարարությունն ԱԱԾ-ում ստուգվել և հերքվել է՝ Փիլոսյանը նշեց. «Դա ապացուցողական մեծ հենք ստեղծում է, իմ գնահատմամբ բացառում է այդ տեղեկությունների իրականությանը համապատասխանելը, ինչը ենթադրում է հայցի բավարարում, բայց ապացույցի գնահատումը դատարանի հայեցողության տիրույթում է, և մենք պետք է սպասենք, թե դատարանը ինչպես կարձագանքի և կգնահատի այդ ապացույցը»։
Փաստաբանը հայտնեց, որ հաջորդ դատական նիստը նշանակված է նոյեմբերի 11-ին։
Դավիթ Լևոնյանի ներկայացուցիչ Արման Ներսիսյանն էլ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով դատական նիստի լուսաբանման սահմանափակման դիրքորոշմանը, նշեց, որ դա իրենց իրավունքն է, չեն ցանկանում կադրում երևալ։
Հիշեցնենք, որ ՔՊ-ին պատկանող Civic.am լրատվամիջոցը լուր էր հրապարակել, որով Բագրատ Սրբազանին մեղադրել էր «ԿԳԲ-ի գործակալ լինելու», «ՌԴ-ից միլիոնավոր դոլարներ ստանալու մեջ»։ Ներկայացված հայցադիմումով Բագրատ Սրբազանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Դավիթ Լևոնյանին և «ՔՊ» կուսակցությանը՝ «Civic.am»-ին հրապարակայնորեն՝ նույն եղանակով, ինչ տարածվել է, այն է՝ Դավիթ Լևոնյանի դեպքում վերջինիս ֆեյսբուքյան էջում և նույնանուն յութուբյան ալիքում, հերքել հայցվորի վերաբերյալ հրապարակված տվյալները:
News.am