ՄՔԴ-ն Պուտինին ձերբակալելուց հրաժարվելու վերաբերյալ բացատրություն է պահանջել Մոնղոլիայից

Մոնղոլիան պետք է բացատրի՝ ինչու է անտեսել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հրամանագիրը և չի ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, երբ նա ժամանել է հանրապետություն, BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ՄՔԴ դատախազ Քարիմ Խանը։

«Դատարանի մակարդակով բանակցային գործընթացը շարունակվում է։ Դատավորները գուցե իրենց առաջարկություններն անեն, եթե համագործակցության բացակայություն նկատվի, բայց ես չեմ ցանկանում որևէ բան կանխորոշել, քանի որ հարցը ներկայում լուծվում է դատավորների և Մոնղոլիայի կառավարության միջև», - ասել է Խանը:

Հարցին, թե նա հավատո՞ւմ է, որ Պուտինին երբևէ կդատեն Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար, դատախազը դրական է պատասխանել: «Մարդիկ ծիծաղում էին, երբ նախկին Հարավսլավիայի համար տրիբունալը պահանջում էր [Սերբիայի առաջին նախագահ Ռադովան] Կարաջիչի և [շտաբի ղեկավար Ռատկո] Մլադիչի ձերբակալման հրամանագիրը, էլ չասած [Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան] Միլոշևիչի մասին, երբ Սիերա Լեոնեի հատուկ դատարանը նախկին նախագահ Չարլզ Թեյլորի ձերբակալության հրամանագիրը արտահանձնեց, բայց ինչպես պատմությունը ցույց է տվել, այս մարդիկ, ովքեր նախկինում մեծ իշխանություն ունեին իրենց երկրում և տարածաշրջանում, հայտնվեցին դատարանում»,- ընդգծել է Խանը։

Ըստ դատախազի՝ կան օրինակներ, որոնք վկայում են՝ եթե որևէ մեկն անում է այն, ինչ խելքին փչում է՝ օգտագործելով անսահմանափակ իշխանություն, «նրա մանևրելու տեղը նեղանում է»։

News.am