Երևանում բացվել է Ալբերտ Ազարյանի բրոնզաձույլ արձանը
Լեգենդար մարմնամարզիկ, «Oղակների արքա» Ալբերտ Ազարյանի մահվան տարելիցի կապակցությամբ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում տեղի է ունեցել լեգենդար մարմնամարզիկի բրոնզաձույլ արձանի բացման արարողությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Տարելիցի կապակցությամբ մատուցվել է հոգեհանգստի կարգ, ներկաները ծաղիկներ են խոնարհել Ալբերտ Ազարյանի շիրիմին և խնկարկել նրա հիշատակը: Պետական ֆինանսավորմամբ ստեղծված արձանի հեղինակը քանդակագործ Գոռ Դավթյանն է: Նրա խոսքով՝ ներկայացված մի քանի էսքիզներից լեգենդար մարմնամարզիկի որդին՝ Էդուարդ Ազարյանն է ընտրել վերջնական տարբերակը՝ «Ազարյանական խաչը» թեքված կատարելիս:
«Երկար մտածելու կարիք չունեինք. հասկանում էինք, որ հենց այդ լեգենդար վարժությունը պետք է դրվի կոմպոզիցիայի հիմքում: Շատ կարևոր էր հենց շարժումը ճիշտ ցույց տալը, որի հարցում ինձ շատ օգնեց հենց Ալբերտ Ազարյանի մարմնամարզության մարզադպրոցի ողջ անձնակազմը»,- ասել է երիտասարդ քանդակագործը:
Ալբերտ Ազարյանը մահացել է 2023 թվականի սեպտեմբերի 5-ին 94 տարեկանում: Նա ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է (1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967)։
Մասնակցել է մրցումների աշխարհի 49 երկրում, նվաճել է 45 ոսկե, 42 արծաթե և 10 բրոնզե մեդալներ։ Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է: ԽԱՀՄ առաջնություններում 11 անգամ արժանացել է չեմպիոնի կոչման։
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։
Sputnik Արմենիա