ԻՆՉՈ՞Ւ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՄԱՆ ՏԱԼ

Արցախի Հանրապետության երևանյան ներկայացուցչության բակում այս տարվա հունիսին կազմակերպված դիմակների շոուն մնաց շատերի հիշողության մեջ։ «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան բակից առգրավելու հատուկ նշանակության ջոկատի գործողությունները բեմադրված էին այնպես, ասես խոսքը հանցավոր տարրերի չեզոքացման բարդ ու ռիսկային գործողության մասին էր։ Իրականում պատվիրատուին (Փաշինյանին) շտապ անհրաժեշտ էր շոու՝ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավոր դերակատարությամբ։

ԵՐԲ ԴԻՄԱԿՆԵՐԻ ՇՈՈՒԻ ՀԱՐՈՒՑԱԾ ԱՌԱՋԻՆ ՇՈԿԸ ՄԱՐԵՑ, ՔԿ-ԻՑ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋԵՑԻՆ։ ՔԿ-ից պատասխանեցին, թե արտասահմանյան մակնիշի ավտոմեքենան առգրավելու որոշումը կապված է այլ գործին առնչվող հանգամանքները պարզելու հետ: Խոսքը նախագահի թիկնապահ Աշոտ Դանիելյանի մասին էր, որը ձերբակալվել էր թմրանյութ պահելու և տարածելու կասկածանքով: Ավելի ուշ նրան ազատ արձակեցին՝ առանց մեղադրանք ներկայացնելու, այլ կերպ ասած՝ ձերբակալությունը մեծ շոուի մասն էր, որը կապված է Շահրամանյանի դեմ իշխող վերնաշերտի խաչակրաց արշավանքի հետ

Հենց որ փաշինյանական քարոզչամեքենան սկսեց ծոր տալ հին երգն այն մասին, որ Արցախի նախագահը շրջում է Երևանում արտասահմանյան մակնիշի մեքենայով՝ թիկնապահների ուղեկցությամբ, ապագա շոուի սցենարը հասկանալի դարձավ, քանզի բացի դրանից՝ ուրիշ ոչինչ չկար մեղսագրելու Շահրամանյանին։ Ստիպված եղան մեղադրանք սարքել, թե նախագահը պարտավոր էր հանձնել իր ծառայողական մեքենան ՀՀ կառավարությանը, բայց այդպես էլ չի արել դա։ Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը ոչ մի կերպ չի կարողանում պարզել, թե այդ որ օրենքով էր իր պաշտպանյալը պարտավոր հանձնել ծառայողական մեքենան Փաշինյանի կառավարությանը:

Այդպիսի օրենք, իհարկե, չկա, Փոխարենը հայտնի է, որ ցեղասպանությունից և 120 հազար արցախցիների բռնի տեղահանումից հետո Արցախի նախագահը կառավարությանն է փոխանցել 356 մեքենաների տվյալներ՝ առաջարկելով համատեղ ուժերով քննարկել դրանց հետագա ճակատագիրը, սակայն իր առաջարկին որևէ պատասխան չի ստացել։ Հարկա՛վ։ Փաշինյանին ու իր անմիջական բոսս Ալիևին պետք է Արցախի Հանրապետության մեղադրյալ նախագահ, է՛լ ավելի լավ է՝ դատապարտյալ, իսկ նրա հետ բանակցելն իրենց խնդիրը չէ

Մի խոսքով, Շահրամանյանին մեղադրում են սեփական ծառայողական մեքենան յուրացնելու մեջ։ Ի դեպ, ավտոմեքենան առգրավվել է ներկայացուցչության բակից՝ դատարանի որոշման շրջանցումով, իսկ բուն մեքենան գնվել է Արցախի Հանրապետության կառավարության միջոցներով։ Ո՞վ է հորինել յուրացման այդ անհեթեթ մեղադրանքը: Որտե՞ղ է գրված, թե հակաահաբեկչական գործողության ցուցանակի տակ հայկական երկրորդ հանրապետության բնակչության ցեղասպանության և բռնի տեղահանման դեպքում նախագահը պարտավոր է ՀՀ կառավարությանը հանձնել իր ծառայողական ավտոմեքենան:

Որքան մոտենում է Արցախի Հանրապետության վերջնական հանձնման տարելիցը, այնքան ավելի ակտիվ են ռեժիմի պարագլխի ենթակայության տակ գտնվող ուժային կառույցները հալածում նրանց, ովքեր 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի դեպքերից հետո արտաքսվել են Հայաստանի տարածք։ Ռեժիմի քարոզչամեքենան արդեն մեկ տարի շարունակ արցախցիներին վարկաբեկելու արշավ է իրականացնում։ Շահրամանյանի դեմ քրեական հետապնդում է հարուցվել, ընդ որում նրա փաստաբանը չի կարողանում հստակ պատասխան ստանալ այն հարցին, թե ինչ հոդվածով է կատարվում հետաքննությունը, և ուր է այն օրենքը, որտեղ գրված է, թե Շահրամանյանը պարտավոր էր Փաշինյանի կառավարությանը հանձնել Արցախի Հանրապետության կառավարության միջոցներով ձեռք բերված ծառայողական մեքենան:

Գաղտնիք չէ, որ Փաշինյանին ծառայող ՔԿ-ն և ԱԱԾ-ն հեշտությամբ կհորինեին ավելի լուրջ մեղադրանք, որը կհանգեցներ Արցախի Հանրապետության վերջին նախագահի ձերբակալությանը, սակայն գործում կա մեկ էական ԲԱՅՑ: Փաշինյանը ստիպված է բավարարվել ծիծաղելի մեղադրանքով, քանզի Շահրամանյանի ձերբակալմանը հանգեցնող լուրջ մեղադրանք (կամ մեղադրանքներ) սարքելով՝ անպայման նույն շարքում կդնի վերջին նախագահին իր երեք նախորդների հետ, որոնք գտնվում են ադրբեջանական գերության մեջ։ Խոսքը Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի մասին է։ Այդ պարագայում չափազանց ակնհայտ կդառնա, որ Փաշինյանն ու Ալիևը գործում են համատեղ, ձեռք ձեռքի տված