Իրանը Հայաստանի հետ 3 մլրդ դոլար ծավալով համագործակցություն է նախատեսում
Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությունը նախատեսել է Հայաստանի հետ համագործակցություն՝ մոտավորապես 3 միլիարդ դոլար ծավալով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ խոսելով երկու երկրների միջև տնտեսական համագործակցության առկա ներուժի և ապագայում նախատեսված նախագծերի վերաբերյալ։
«Մենք երկու երկրների միջև համագործակցության շատ մեծ պոտենցիալ ունենք։ Այն ոլորտները, որոնցում արդեն ունենք համագործակցություն, կարող են շատ լավ հիմք դառնալ երկու երկրների միջև թե′ առևտրական, թե′ քաղաքական, և թե′ տնտեսական հարաբերությունների զարգացման համար», - նշել է դեսպան Սոբհանին։
Նա հավելել է, որ Իրանը մեծ փորձ ունի ճանապարհաշինության ոլորտում՝ մասնավորապես կամրջաշինության և, ընդհանրապես, շինարարության ոլորտում։
«Իրանի ղեկավարությունը նախատեսել է Հայաստանի հետ համագործակցություն՝ մոտավորապես 3 միլիարդ դոլար ծավալով, և մենք վստահ ենք, որ շարժվելու ենք այդ ուղղությամբ։ Մենք հաստատակամ ենք, որպեսզի օգտագործենք առկա ողջ պոտենցիալը։ Մենք ձեր կողքին ենք և կմնանք ձեր կողքին», - ընդգծել է դեսպան Սոբհանին՝ կարծիք հայտնելով, որ Երևանի և Թեհրանի հարաբերություններին շատ լուսավոր ապագա է սպասվում։