Իրանը վճռական պատասխան կտա «Զանգեզուրի միջանցքի» ցանկացած փոփոխության

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտնել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության», տեղեկացրել է Mehr-ը։

Այս առնչությամբ նա մեկնաբանել է Ռուսաստանի վերջերս հայտնած դիրքորոշումը ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։

«Ակնհայտ է, որ Զանգեզուրի միջանցքում իրադարձությունների աշխարհաքաղաքական զարգացման հետ կապված հարցերը չեն համապատասխանում տարածաշրջանի երկրների շահերին, և Իրանը կտրականապես դեմ է այդ հարցին»,- ասել է Ազիզին։

Մեկնաբանելով մի շարք պետությունների անհեթեթ մտքերը «Turan» նախագծի վերաբերյալ՝ իրանցի բարձրաստիճան օրենսդիրը հայտնել է, որ, ըստ էության, «Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է, և, ըստ երևույթին, կան ինչ-որ նախագծեր Իրանի ռազմական և քաղաքական հզորությունը տարածաշրջանում թուլացնելու համար՝ այդ միջանցքի պատրվակի տակ։

«Մենք նախազգուշացնում ենք նրանց, ովքեր նման պատրանքներ ունեն, որ այդ որոշումների հետևանքները կլինեն ծանր և թանկ կնստեն նրանց վրա։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ղեկավարվելով առողջ բանականությամբ, երբեք չի ձգտում ստեղծել լարվածություն տարածաշրջանում»,- ասել է Ազիզին՝ ավելացնելով, որ, մյուս կողմից, երկիրը կպաշտպանի իրեն, եթե իր տարածքային ամբողջականության սպառնալիք ծագի։

Ասելով, որ Իրանը ուշադիր հետևում է Հարավային Կովկասում իրադարձությունների զարգացմանը, նա ընդգծել է. «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ և վճռական պատասխանի Իրանի կողմից»։

News.am