Իրանի նախագահը կհանդիպի Պուտինի հետ Կազանում, ԲՐԻԿՍ գագաթաժողովում
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի ԲՐԻԿՍ գագաթաժողովին Կազանում, նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Այո, կարծում եմ, նա կմասնակցի ԲՐԻԿՍ գագաթաժողովին Կազանում։ Հիմա մենք զբաղվում ենք այդ այցի պատրաստմամբ, որպեսզի այն օգտակար և հաջող լինի մեր երկկողմ հարաբերությունների համար,- ասել է դեսպանը՝ պատասխանելով համապատասխան հարցին։- Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, նախատեսված է հանդիպում Ռուսաստանի նախագահի հետ, ինչպես նաև երկկողմ հանդիպում այլ ղեկավարների, իրանական համայնքի հետ և ելույթ գագաթաժողովում»։
2024թ. հունվարի 1-ից ԲՐԻԿՍ-ում նախագահությունն անցել է Ռուսաստանին, այն կշարունակվի մինչև տարեվերջ և կներառի ավելի քան 200 միջոցառումներ, որոնք լայն թեմատիկա ունեն։ Նախագահության գլխավոր իրադարձությունը կդառնա ԲՐԻԿՍ գագաթաժողովը 2024թ. հոկտեմբերին Կազանում։ Իրանը ԲՐԻԿՍ-ին միացել է 2024թ. հունվարի 1-ից։
News.am