Քաղաքագետ․ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ» ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՇՏԱԲԸ ԻՐԱՆԻ և ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՇԱՏ ՏԱՐԲԵՐ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Զանգեզուրի միջանցքի» նշանակության մասշտաբը Իրանի և Ռուսաստանի համար շատ տարբեր է։ News.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Փորձագետի խոսքով՝ Իրանի համար դա իսկապես շատ կարևոր հարց է։

 

«Դրա պատճառները քիչ թե շատ հասկանալի են։ Այո, Իրանում այս առումով գործերն այնքան էլ լավ չեն։ Նրա արևելյան կողմում Աֆղանստանն ու Պակիստանն են, որոնց հետ զզվելի հարաբերություններ ունի։ Արևմուտքից Իրաքն ու Թուրքիան են։ Դե, հասկանալի է, որ ե՛ւ մեկ, ե՛ւ մյուս դեպքում, մեղմ ասած, իրանցիների համար դժվար է։ Իսկ հարավի, այսինքն՝ Պարսից ծոցի արաբական երկրների մասին ավելի լավ է լռեմ։ Այս ամենը ծանր է։ Ադրբեջանի հետ Իրանը իրականում լուրջ, մեծ խնդիրներ ունի։ Ուստի այս ոչ այդքան մեծ սահմանն Իրանի համար ավելի մեծ նշանակություն ունի, քան առհասարակ պետք է ունենար այս ոչ մեծ երկիրը՝ Հայաստանը, նրանց համար, և այդ դժբախտ 40 կիլոմետրը նշանակություն ունի»,- նշել է հայ քաղաքագետը։

Փորձագետը չի կարծում, թե ռուսական քաղաքականության համար այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» այդքան կարևոր է, որ Ռուսաստանը պատրաստ է պայքարել դրա համար Իրանի և Ադրբեջանի հետ։

«Ռուսաստանը դեմ չէր։ Նա ամենասկզբից դեմ չէր։ Իսկապես, նոյեմբերի 9-10-ի պայմանագրերում այդ կետը կա, բայց այդ պայմանագրերում շատ տարբեր կետեր կան, և դրանից ոչ մեկը չի կատարվել, ինչպես գիտենք, ուստի դրան հղում կատարելը պարզապես խոսքի ձև է, ուրիշ ոչինչ։ Պատկերացնել, թե այս թեմայի վերաբերյալ Իրանն ու Ռուսաստանն ինչ-որ կերպ կդիմակայեն միմյանց՝ ինձ համար դժվար է։ Կրկնում եմ, Ռուսաստանի համար դա առաջնային բան չէ, և հազիվ թե Ռուսաստանը հարաբերություններ փչացնի Իրանի և Ադրբեջանի հետ նման բանի համար։ Բայց ինչ-որ խաղ դրա շուրջ կա։ Ես կարծում եմ, որ այն առաջին, երկրորդ և անգամ երրորդ մակարդակի էլ չէ, բայց ընդհանուր առմամբ ինչ-որ բախումներ կան, որոնք մենք տեսնում ենք այժմ։ Իրանը չի ցանկանում կտրված լինել Հայաստանից որևէ ձևով»,- ընդգծել է Ալեքսանդր Իսկանդարյանը։ Ընդ որում՝ քաղաքագետի կարծիքով, այդ ճանապարհի նշանակալիությունը խիստ չափազանցված է»։

News.am