Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՈՒՇ ՉԷ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱԴՐԵԼ «ՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ՏԱՐԱԾՔԻ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

Դեռևս ուշ չէ Արցախի Հանրապետության համար մշակել և գործադրել «Պետություն՝ առանց տարածքի» հայեցակարգը։ Այս մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հեռավար կարգով պատասխանելով քաղաքացիների հարցերին։

«Չեմ հավակնում պատրաստի դեղատոմսեր առաջարկել այս կամ այն հարցով, սակայն ամբողջությամբ պատրաստ եմ լծվելու թիմային աշխատանքի, որի նպատակը պետք է լինի նոր արցախյան շարժում ձևավորելը»,– ասել է նա։

Աշոտյանը կարծում է, որ հատվածական նախաձեռնությունները, անհատական ջանքերը, առանձին իրականացվող նախագծերը, որքան էլ ստեղծվեն և առաջ մղվեն հայրենասեր և ազնիվ մարդկանց կողմից, չեն լուծելու իրականում համակարգային և խորը խնդիրը։

Նա կրկին առաջարկել է Վեհափառ Հայրապետին սրբադասել Արցախյան գոյամարտի բոլոր նահատակներին Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման օրինակով։

Sputnik Արմենիա