Իսրայելը հարվածել է Սիրիային. կան զոհեր և վիրավորներ

Սիրիան հրթիռակոծվել է Իսրայելի կողմից, կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնում է SANA սիրիական գործակալությունը։

Սիրիայի պաշտպանության նախարարության տվյալներով` սեպտեմբերի 8-ին իսրայելական զինուժը հարձակում է գործել` թիրախավորելով Սիրիայի կենտրոնական շրջանի մի շարք ռազմական օբյեկտներ։

«Մեր հակաօդային պաշտպանության միջոցները հետ են մղել հրթիռային ագրեսիան և մի քանի հրթիռ են խոցել», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ռազմական գերատեսչության տեղեկությունների համաձայն` իսրայելական գրոհի հետևանքով 3 մարդ է զոհվել, 15-ը տուժել են։

Միևնույն ժամանակ Մասյաֆի (Համայի մարզ) ազգային հիվանդանոցի տնօրեն Ֆեյսալ Հայդերի տվյալներով` իսրայելական ագրեսիայի հետևանքով 5 խաղաղ բնակիչ է զոհվել, 19-ը` վիրավորվել, նրանցից մի քանիսի վիճակը ծայրահեղ է։

Մարզպետ Մահան Աբբուդը այցելել է վիրավորներին, հանձնարարել գործի դնել բոլոր ռեսուրսները նրանց պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար։

Նշվում է, որ հարվածի հետևանքով վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին, իսկ Հայր–Աբբաս շրջանում հրդեհ է բռնկել։

Sputnik Արմենիա