Եվրահանձնաժողովի փոխնախագահը Հայաստանում է

Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ «Ուրախ եմ ողջունել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասին Հայաստանում` Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների համար՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերությունն ամրապնդելու և վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու նպատակով»,- նշել է դեսպանը։

ԵՄ հաղորդագրության մեջ նշվում է, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քաղաքական մակարդակով վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը ուժեղ ազդանշան է ԵՄ-ին և նրա անդամ երկրներին ԵՄ-ի և Հայաստանի միջև առանց այն էլ ամուր գործընկերությունը խորացնելու վճռականության մասին։ Այս երկխոսության նպատակն է ի վերջո վերացնել ԵՄ-ում կարճատև մնալու համար Հայաստանի քաղաքացիների համար վիզայի պահանջը, երբ Հայաստանի իշխանությունները զգալի բարեփոխումներ իրականացնեն այնպիսի հիմնական ոլորտներում, ինչպիսիք են ճամփորդական փաստաթղթերի անվտանգությունը, սահմանը, միգրացիան և ապաստանի կառավարումը, հասարակական կարգն ու անվտանգությունը, ինչպես նաև ազատ տեղաշարժի հետ կապված հիմնարար իրավունքները: Ինչպես ցույց է տվել երրորդ երկրների հետ փորձը, Հայաստանի հետ այս երկխոսությունը բազմամյա գործընթաց է լինելու, որը կիրականացվի ԵՄ անդամ երկրների հետ շատ սերտ համագործակցությամբ՝ վերահսկելու բարեփոխումների առաջընթացը և զարգացումները։

Իր այցի ընթացքում փոխնախագահը նաև Երևանի պետական ​​համալսարանի ուսանողների հետ կքննարկի վերջին շրջանում ԵՄ-Հայաստան հարաբերություններում արձանագրված զգալի առաջընթացը և ընդհանուր արժեքների վրա հիմնված դրանց հետագա խորացման հեռանկարները։

News.am