Ավետիք Չալաբյանը պնդում է՝ իր դեմ հարուցված գործը շինծու է
«Այակվե» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը Վերաքննիչ դատարանի այսօրվա նիստում կրկնեց, որ իր դեմ հարուցված քրեական գործը շինծու է, իսկ մեղադրանքները՝ հորինված։ Հիշեցնենք, որ Չալաբյանը մեղադրվում է ուսանողներին կաշառք տալու փորձի մեջ։
Քաղաքական գործիչը նշեց, որ նախորդ հանդիպման ժամանակ դատախազի հայտարարությունը, թե քրեական հետապնդման հանգեցրած զրույցի չորրորդ մասնակցին հարցաքննելու անհրաժեշտություն չկա, մեղմ ասած տարօրինակ է հնչում։ «Դատախազն ասաց, որ հարցաքննությունը ոչինչ չի փոխի։ Ինչպե՞ս հասկանալ սա: Ապացույցներն այդքան ուժե՞ղ են, թե՞ գործը պատվիրված է»,- հարցրեց Չալաբյանը։ Նա առաջարկեց դիտարկել փաստերը՝ առհասարակ հանցակազմ կա՞։
«Փողերի փոխանցման նպատակը, ըստ մեղադրանքի, չի հայտարարվել, դա կարելի է ենթադրել կոնտեքստից։ Ես նման առաջարկ չեմ արել, ո՞րն է այն կոնտեքստը, որից կարելի է ենթադրել, որ գումար է առաջարկվել հանրահավաքներին մասնակցելու համար։ Հանրահավաքի մասին խոսում էր Թոռնիկ Ալեյանը, կոնտեքստը նա էլ ստեղծում էր»,- նկատեց Չալաբյանը։
Նրա խոսքով, եթե համեմատենք, որ խոսակցությունը լսվել, ձայնագրվել ու մոնտաժվել է, հետո հրապարակվել է նրանց կապերով հայտնի կայքում, կարելի է ենթադրել, որ ամեն ինչ ծրագրված է եղել։ «Զրույցի չորս մասնակիցներից Էրիկ Հայրապետյանը հաստատեց իմ խոսքերը, Արման Սահակյանը չի հարցաքննվել, միայն մեկն է հակառակն ասում։ Ակնհայտ է, որ գործը շինծու է»,- նշեց նա։
Ավետիք Չալաբյանը միացավ փաստաբանների բողոքին, ովքեր պահանջում էին վերացնել առաջին ատյանի դատարանի որոշումը և հաստատել ամբաստանյալների անմեղությունը։
Որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 11-ին։
News.am