Հրայր Թովմասյան․ Նման բան համաշխարհային պատմության մեջ կա՞, եկել է մարդ, որ ինձ պաշտպանի, ես չգիտեմ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր շարունակվեց արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը։ Պաշտպան Միհրան Պողոսյանը շարունակեց պաշտպանական ճառը։ Ավարտից հետո դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտարարեց, որ պետք է հանրային պաշտպան Զոյա Սակովան ներկայացնի պաշտպանական ճառը:
Հրայր Թովմասյանն ասաց՝ տեղյակ չի, թե ինչ է ասելու տիկին Սակովան։
«Հինգ րոպե ընդմիջում հայտարարեք, ես հասկանամ՝ ինչ է ասելու տիկին Սակովան։ Եթե ինձ հետ չի քննարկել, իմ պաշտպանությունը ո՞նց կիրականացնի։ Հիմա կարող է ասի՝ ես մեղքն ընդունում եմ»,-ասաց Թովմասյանը։
Նա շնորհակալություն հայտնեց հանրային պաշտպան ընդգրկելու համար, սակայն հիշեցրեց, որ գործում հանրային պաշտպան ընդգրկելը պարտադիր չէ։
«Ես ունեմ երկու պաշտպան, իմ պաշտպաններն իրականացնում են իմ պաշտպանությունը։ Էդ նույն է, որ ես հանգիստ տեղաշարժվում եմ, առողջ տղամարդ եմ, բերեն ու ինձ ձեռնափայտ տան։ Լավ ինչի՞ եք դուք այս ամբողջն անում, վախենո՞ւմ եք, որ մի նիստին իմ երկու պաշտպանները չեն գալու»,-ասաց Թովմասյանը։
«Վախենալ» արտահայտություն համար դատավորը դատավարական սանկցա կիրառեց նրա նկատմամբ՝ հայտարարելով նկատողություն, թույլ չտվեց շարունակել ելույթը, ընդմիջում էլ չհայտարարեց։
«Լավ, ինչի՞ մասին է այս ամենը։ Ես նստում եմ լսեմ մի բան, որ ընդհանրապես չգիտեմ ինչ է։ Նման բան համաշխարհային պատմության մեջ կա՞։ Եկել է մարդ, որ ինձ պաշտպանի, ես չգիտեմ։ Ես իմ մարտավարությունը կազմել եմ։ 4.5 տարի ինձ ասում եք, նստեք, շարունակենք։ Ի՞նչն է Ձեզ խանգարում հինգ րոպե տրամադրեք, ես հասկանամ՝ ինչ է ասելու»,-ասաց Թովմասյանը։
Դատավորը չընդմիջեց նիստը, ասաց՝ քննարկեք նիստերի դահլիճում։
«Ձեր ձայնագրությունների ներքո չեմ ուզում քննարկել իմ պաշտպանությունը, անջատեք»,-արձագանքեց Թովմասյանը։
Պաշտպան Արամ Օրբելյանն առաջարկեց, որ ինքը, հանրային պաշտպանը, Թովմասյանն ու մյուս պաշտպան Միհրան Պողոսյանը դուրս գան նիստերի դահլիճից մի քանի րոպեով, քննարկեն հարցը։ Դատարանը թույլ տվեց։
Panorama.am