ԱԺ-ում քննարկվել է ԱՊՀ երկրների հետ փոխգործակցության մասին համաձայնագրի վավերացման հարցը

Ազգային ժողովում քննարկվեց «Ծառայությունների ազատ առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նիստում նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը:

Նա հիշեցրեց, որ «Ծառայությունների ազատ առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» համաձայնագիրը 2023 թվականի հունիսի 8-ին Սոչիում ստորագրել են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը:

«Նպատակը պետությունների միջև ծառայությունների, առևտրի, ներդրումների ոլորտում ավելի լայն տնտեսական համագործակցությունն է և փոխշահավետության համար բարենպաստ պայմաններ ստեղծելը: Համաձայնագիրը բխում է «Ազատ առևտրի գոտու մասին» պայմանագրից: Ընդլայնվում է առևտրի շրջանակը՝ տարածելով նաև ծառայությունների ոլորտի վրա:

Կարգավորվում է ծառայությունների անդրսահմանային առևտուրը, ընկերությունների ստեղծման և գործունեության ոլորտը, մասնակից պետությունների տարածքներով ֆիզիկական անձանց տեղաշարժի և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերի շրջանակը, ինչպես նաև ներդրումային գործունեությունը»,- ասաց Միքայելյանը։

Փոխնախարարի խոսքով՝ նախագծի դրույթները չեն հակասում նշված ոլորտում ԵԱՏՄ իրավական ակտերի պահանջներին:

ԱՊՀ գործադիր կոմիտեն կանխատեսել է, որ համաձայնագրի իրականացումն ԱՊՀ-ում ծառայությունների ծավալը կավելացնի շուրջ 25 տոկոսով: