ԿԿԱՅԱՆԱ՞Ն ԱՐԴՅՈՔ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Ցեղասպանության պայմաններում տեղահանված Արցախի Հանրապետության քաղաքացիները իշխող վերնաշերտի պարագլխի համար դարձել են մշտական գլխացավանք։ Փաշինյանի վրա խնձոր նետած 71-ամյա արցախցուն բացահայտեցին միանգամից. Ռուբինյանց-2 շենքի շքամուտքում, ուր օգոստոսի 23-ին Փաշինյանը հյուր էր գնացել թիկնապահների շքախմբի ուղեկցությամբ, այդ պահի դրությամբ բնակվում էր միայն մեկ արցախցի՝ 2-րդ կարգի հաշմանդամ Ալբերտ Հարությունյանը։
9-ՐԴ ՀԱՐԿԻՑ ՑԱԾ ՆԵՏԱԾ ԽՆՁՈՐԻՑ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐՆ ՈՒ ԻՆՔՆ ԱՆՁԱՄԲ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՊԱՌԿԵԼ ԵՆ ԱՍՖԱԼՏԻՆ։ «Մեղավորի» դուստրերին ու թոռնուհուն ամբողջ գիշեր պահել են ոստիկանությունում… 2023թ. սեպտեմբերի 19-20-ին կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիաների մասնակիցներին ներկայացված մեղադրանքները, արցախցի Արամ Երիցյանի հետապնդման պատմությունը և այլ փաստեր վկայում են, որ ռեժիմի պարագլուխը միջոց է փնտրում չեզոքացնելու արցախցիների քաղաքական ակտիվությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումից պոկելու միջոցով։ Ի դեպ, Հարությունյանի շահերը պաշտպանում է փաստաբան Ռոման Երիցյանը՝ Արամի եղբայրը։ Նա է պաշտպանում նաև Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի շահերը, որին իշխող ռեժիմը մեղադրում է ծառայողական ավտոմեքենան Փաշինյանի կառավարությանը չհանձնելու, հետևաբար՝ դա յուրացնելու մեջ: Բոլոր մեղադրանքները խնձորի մակարդակին են, որ նետել է Փաշինյանի վրա երկրորդ կարգի 71-ամյա հաշմանդամը…
Այն մասին, որ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության նախկին ներկայացուցիչները հալածանքի են ենթարկվում Փաշինյանի ռեժիմի կողմից, գրվել է բազմիցս։ Խոսքը գեներալ Վիտալի Բալասանյանի, պատգամավոր Մետաքսե Հակոբյանի, հայկական երկրորդ հանրապետության ձերբակալված քաղաքապետների մասին է։ 2024թ.մայիսի 25-ին ձերբակալվել, ապա կալանավորվել է Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը: Ավելի ուշ բանտախուցը փոխարինեցին տնային կալանքով, իսկ ամռանը վերջնականապես ազատ արձակեցին։ Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը, մինչ այդ նա գտնվել է տնային կալանքի տակ. օրինակները շատ են…
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար և Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը (ծնված Ստեփանակերտում 1965թ. մարտի 5-ին) հատուկ առաջադրանք է ստացել իշխող վերնախավի ղեկավարից, որի հետ, հակառակ մշտական հերքումների, անսասան ընկերություն է անում։ Առաջադրանքի էությունը հանգում է արցախցիների մի մասի մոբիլիզացմանը՝ համատեղ խորհրդարանական ընտրությունների գնալու համար, իսկ սկսեց նախկին հրամանատարը հատուկ կոմիտե ստեղծելու հայրենակիցներին ուղղված առաջարկով՝ նախընտրական դաշինքի դրա փոխարկման հեռանկարով՝ ընտրությունների (արտահերթ կամ հերթական) գնալու համար։
Շրջափակված Արցախում ցեղասպանությանը և զանգվածային տեղահանությանը նախորդած իրադարձությունների թեժ պահին Բաբայանը նույնպես փորձում էր համախմբել հայրենակիցներին։ Նա հանդես էր գալիս առաջարկներով, թե ով և ինչպես պետք է բանակցի Բաքվի հետ։ Ժողովուրդը նրան չլսեց։ Ցեղասպանությունից և բռնի տեղահանությունից անմիջապես հետո Բաբայանը հաճախակի հյուր դարձավ Հանրային հեռուստաընկերությունում, որտեղ ներկայացրեց Արցախից հայերի գաղթի պատճառների իր վարկածը, որը շատ համահունչ էր այն օրերին փաշինյանական ռեժիմի ներկայացուցիչների ասածներին։
Ակնհայտ է, որ Բաբայանը հենց իրեն է տեսնում հատուկ կոմիտեի ղեկավարի պաշտոնում, որը դժվար թե ստեղծվի մեծ թվով արցախցիների մասնակցությամբ: Հայրենակիցները չեն հավատում, թե Բաբայանը կարող է անցնել խորհրդարան և ապահովել այն խնդիրների լուծումը, որոնք իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում լուծել: Տասնյակ ընտանիքներ առաջվա պես մնում են ժամանակավոր կացարաններում ՝ գքխավերևում չունենալով մշտական տանիք, հազարավոր արցախցիներ հեռացել են Հայաստանից՝ աշխատանքի տեղավորման խնդիրների պատճառով:
Զուր է Բաբայանը ներկայանում իբրև Հայաստանում հաստատված արցախցիների առաջնորդ, դժվար թե նրան հաջողվի կատարել հայրենակիցներին «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումից պոկելու Փաշինյանի հատուկ առաջադրանքը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին արցախցիները շատ ավելի են հավատում, քան ԱԽ նախկին քարտուղարին... Արդեն հայտնի է, որ հատուկ կոմիտե ստեղծելու առաջարկը մերժել է Արցախի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների գերակշիռ մասը։ Արցախի տարածքային կառավարման նախկին նախարար Հայկ Խանումյանը, մեկնաբանելով այդ մերժումը, հայտարարեց, որ Բաբայանը ձգտում է հանձնաժողով ստեղծել ոչ թե ընտրությունների գնալու, այլ իր հայրենակիցների խնդիրները լուծելու համար: Խանումյանը նախկին հրամանատարի կողմնակիցներից է…
Բաբայանի գլխավորությամբ Փաշինյանի վերահսկողության տակ գտնվող կոմիտե ստեղծելու փորձը, բացի արցախցիներին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումից պոկելու ցանկությունից, թելադրված է նաև նրանով, որ 2025թ.մարտ-ապրիլ ամիսներին լրանում է Արցախի Հանրապետության խորհրդարանի լիազորությունների ժամկետը։ Տեղահանված արցախցիների միջավայրում քննարկումներ են ընթանում ընտրությունների միջոցով նոր խորհրդարան ձևավորելու թեմայով։ Բաբայանը, հակառակը, փորձում է համոզել հայրենակիցներին մասնակցել Հայաստանի խորհրդարանի ընտրություններին, իբր՝ այս խորհրդարանում արցախցիները կկարողանան ավելի լավ ներկայացնել իրենց սոցիալական հարցերը։
Արցախի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Վահրամ Բալայանը հայտարարեց, որ անհրաժեշտ է Արցախի խորհրդարանի ընտրություններն անցկացնել Հայաստանի տարածքում: Նրա խոսքերով՝ դա թույլ կտա պահպանել հայկական երկրորդ հանրապետության սուբյեկտայնությունը։ Իշխող վերնախավի ներկայացուցիչներն ու Փաշինյանի քարոզչամեքենան արդեն հայտարարել են, թեԱրցախի խորհրդարանական ընտրությունները սպառնալիք են Հայաստանի անկախությանը, ակներև է այդ էջը օր առաջ փակելու փորձը, քանի դեռ Ալիևը չի զայրացել…
«Բաքուն ներկայումս անընդհատ խոսում է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի, ադրբեջանցիների վերադարձի մասին, իսկ մենք մեր անգործությամբ կորցնում ենք մեր ռեսուրսն այն դեպքում, երբ այդ ռեսուրսով զբաղվել է ողջ աշխարհը, ձևավորվել է Մինսկի խումբը, որը մինչ օրս լուծարված չէ»,- հիշեցրեց պատգամավորը: «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման շրջանակերում գործում է Արցախի հարցով խումբ՝ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, քաղաքագետ Կարեն Բեքարյանի գլխավորությամբ: Խումբն անթույլատրելի է համարում Արցախի հարցը քաղաքական օրակարգից հանելը։
«Հայրենակիցների անվտանգ վերադարձի հարցի գերակայությունն ուղղակիորեն կապված է տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության տեսլականի հետ։ Ավաղ, պետական մակարդակով այդ հարցը իշխանությունների օրակարգում չկա... Եթե հնարավոր բոլոր հարթակներից այս հարցը չի հնչում, ապա դա կարող է նշանակել, որ էջը շրջվելու է, իսկ ի՞նչ է նշանակում՝ շրջել էջը։ Այն պահին, երբ Արցախի էջը կրջվի, կբացվի նոր էջ՝ Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք անունով»,- ընդգծել է Բեքարյանը։
Նրա խոսքերով՝ իշխող վերնաշերտի պարագլուխը փորձում է փակել Արցախի էջը Հայաստանի անկախության հռչակագրից հրաժարվելու միջոցով՝ Ադրբեջանի պահանջով, որը դեմ է Սահմանադրության նախաբանում այդ պետականաստեղծ փաստաթղթի վկայակոչմանը: «Եթե Սահմանադրությունը խնդիրներ ունի, ապա ինչպե՞ս է ինքը եկել իշխանության,- հարց է տալիս քաղաքագետը, որը վստահ է, որ երկրի ու ժողովրդի շահերը հետապնդելու փոխարեն՝ իշխանությունը ճիշտ հակառակ քայլեր է ձեռնարկում Բաքվի ու Անկարայի թելադրանքով։