Փաշինյան․ Կոմունիկացիաների բացման անվտանգության երաշխավորի դերը վերապահված է ՀՀ-ին

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նախատեսում է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարածաշրջանային կոմունիկացիաների՝ երկաթուղի, ավտոճանապարհ, հնարավոր գազամուղներ, մալուխներ, էլեկտրագծեր, բացել, այլև ենթադրում է, որ նման զարգացում պետք է ետղի ունենա նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խաղաղության խաչմերուկը» մեզ համար կարևոր է նաև այն պատճառով, որ մենք այս նախագծի դեպքում հնարավորություն ենք ստանում նաև երկաթուղային կապ ունենալ Իրանի հետ, նաև Թուրքիայի հետ, Եվրոպայի հետ, Ռուսաստանի հետ: Իհարկե, Ադրբեջանն էլ հնարավորություն է ունենում Հայաստանի միջոցով երկաթուղային կապ ունենալ Թուրքիայի հետ, Իրանի հետ: Այստեղ կարևոր է նաև Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական մասի միջև ավտոմոբիլային կապը Հայաստանի տարածքով: Մենք պատրաստ ենք նման հաղորդակցություն տրամադրել:

Բայց նաև արձանագրենք, որ Նախիջևանն այսօր զրկված չէ տրանսպորտային կապից, որովհետև և Իրանի տարածքով, և Թուրքիայի տարածքով Նախիջևանը հնարավորություն ունի արտաքին աշխարհի հետ կապ հաստատել: Մենք պատրաստ ենք ցանկացած պահի ձեռնամուխ լինել այս նախագծի իրագործմանը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այս գործընթացին խանգարում է այն, որ մեր ոչ բոլոր գործընկերներն են հակված օգտվել մեր կողմից առաջարկվող հնարավորությունից. «Մասնավորապես, շատ է քննարկվում հարցը, թե ինչքանով է «Խաղաղության խաչմերուկի» նախագիծը համապատասխանում այդ թվում 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանության մեջ։ Փորձ է արվում ներկայացնել, թե եռակողմ հայտարարությունը ենթադրում է, որ այս կոմունիկացիաների անվտանգությունը պետք է ապահովեն երրորդ ուժեր կամ երրորդ երկիր։ Նման ընկալումը որևէ կապ չունի իրականության հետ»,-հայտարարեց Փաշինյանը։

Նա մեջբերեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը և ընդգծեց, որ ՀՀ տարածքում կոմունիկացիաների բացման անվտանգության երաշխավորի դերը վերապահված է ՀՀ-ին։

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հղում անելով՝ որոշ միջազգային գործընկերներ փորձում են ներկայացնել այն, ինչ չկա եռակողմ հայտարարության մեջ։ Իսկ չկա, որ ՀՀ-ն որևէ տարածքի վրա պետք է լինի այլ երկրի վերահսկողություն, նման դրույթ, ընդհանրապես չկա:

Չկա որևէ դրույթը, որը կնշանակի, որ ՀՀ իրավազորությունը իր ինքնիշխան տարածքում որևէ կերպ պետք է սահմանափակվի՝ մաքսային, սահմանային, ֆիտոսանիտարական և այլ հսկողությունների ատռումով: Նման դրույթ պարզապես գոյություն չունի, չէր էլ կարող ունենալ»,-ասաց նա։

News.am