Փաշինյան․ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված կետերը պետք է ստորագրել
Այսօր «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հարավային Կովկասում տևական խաղաղության հնարավորությանը։
Նրա խոսքով սա այն հարցն է, որին չպետք է միայն Հայաստանի Հանրապետությունը պիտի պատասխանի։
«Ես կփորձեմ պատասխանել մեր բաժին հարցին և դրան կպատասխանեմ Հայաստանի Հանրապետության դիտանկյունից։ Ըստ այդմ՝ տևական խաղաղությունը Հարավային Կովկասում ոչ միայն հնարավոր է, այլև իրատեսական է»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը մատնանշեց Հայաստանի դիրքորոշման հիմնավորումները։
«Դուք շատ եք լսել, որ պայմանագրի նախագծի 80 տոկոսը համաձայնեցված է: Խաղաղության պայմանագրի նախագծի՝ այս պահի դրությամբ առկա արդյունքներով 13 հոդվածներ և նախագծի նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված են: Եվս 3 հոդվածներ, որոնք հիմնականում բաղկացած են երկու նախադասությունից, մասնակի համաձայնեցված է: Այդ հոդվածների նախադասություններից մեկը համաձայնեցված է, մյուսը համաձայնեցված չէ»,- մանրամասնեց նա։
Փաշինյանն ընդգծեց՝ պետք է այս պահին համաձայնեցված կետերը ստորագրել, ունենալ հիմնարար փաստաթուղթ, ապա շարունակել մնացած հարցերի շուրջ քննարկումները։
«Հաջորդ կարևոր թեման սահմանազատման գործընթացն է, որտեղ ևս կա էական տեղաշարժ։ Այդ տեղաշարժն արտահայտվում է նրանով, որ Հայաստանի ու Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովները վերջերս ստորագրեցին սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը: Այնտեղ արձանագրված է Ալմաթիի հռչակագիրը որպես սահմանազատման գործընթացի բազային սկզբունք և արձանագրված է, որ կողմերը սահմանազատման գործընթացում առաջնորդվելու են հռչակագրով»,- հավելեց Փաշինյանը։
Նովոստի-Արմենիա