1 տարի 8 ամիսը «շակալադնի» է. Առուշ Առուշանյանը` իրեն կալանավորելու որոշման մասին

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հումորով է վերաբերվում իրեն կալանավորելու որոշմանը։ Նա այդ մասին ասաց դատարանի որոշումից հետո լրագրողների հետ զրույցում։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ մասնակիորեն բավարարեց Պրոբացիայի ծառայության միջնորդությունը և Առուշ Առուշանյանին ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով զրկելը փոխարինեց 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման։

«Եթե նախադեպը չկա ու առաջինը ես պետք է դատվեմ, պատրաստ եմ։ Մենք մեր գաղափարների,մեր սկզբունքների համար մեր կյանքն ենք պատրաստ եղել տալ։ 1 տարի 8 ամիսը հումորով կասեմ` «շակալադնի» է։ Մի բան կարող եմ ասել` մեր ոգին անկոտրում է, սա մեր համար ոչ մի բան է»,– ասաց Առուշանյանը։

Առուշանյանը զերծ մնաց դատավոր Վարսենիկ Մելքոնյանի վերաբերյալ մեկնաբանություններից` պատճառաբանելով, թե կին է, ընտանիք, երեխա ունի։

Չնայած նրան, որ կալանքի որոշում է կայացվել, Առուշանյանը վստահեցնում է, որ իր լիազորությունները չեն դադարելու, և Գորիսում ոչինչ չի փոխվելու, ինքն էլ արդեն մտածել է ինչպես է ղեկավարելու քաղաքը։

«1 տարի 8 ամիս է, պատրաստ եմ, հանգիստ կնստեմ, դուրս կգամ։ Ոչ մի խնդիր չկա։ Մեր հասարակությանը մի բան կասեմ` գիտեմ` իրենց մտահոգությունը որն է։ Մարդիկ կարծում են` նորից գնալու են, ցեխ ու ջրի մեջ հայտնվեն , որի մեջ երկար տարիներ են ապրել, բայց թեկուզ լինեմ կալանքում, էլի միջոցներ միշտ կգտնվեն քաղաքը ճիշտ ղեկավարելու»,–հավելեց նա։

Առուշանյանը դեռ չգիտի` դատարանի որոշումը կբողոքարկեն, թե ոչ. ինչպես փաստաբանները ճիշտ համարեն, այդպես էլ կանեն։

Քրեական գործը, որի շրջանակում Առուշանյանը մեղավոր է ճանաչվել, վերաբերում է պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն։

Sputnik Արմենիա