Կանադահայությունը մերժել է Ալեն Սիմոնյանի պատվիրակությանը
ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Կանադա այցելության առիթով:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Միջպետական հարաբերությունների զարգացման շրջանակներում սեպտեմբերի 25-30-ը նախատեսվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ԱԺ պատվիրակության այցելությունն Օտտավա։ Մտահոգիչ է տեղեկանալ, որ Ալեն Սիմոնյանի պատվիրակության կազմում ներառված են միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամներն՝ առանց ընդդիմության պատգամավորների: Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-Կանադա խորհրդարանական բարեկամության խմբակցության ըննդիմադիր պատգամավորները միտումնավոր դուրս են մնացել այս պատվիրակությունից։ Այս երևույթն ինքնին ժողովրդավարական կանոնակարգի խախտում է։
Ժողովրդավարության տարրական սկզբունքներն ու մարդու հիմնական իրավունքները ոտնահարող ՀՀ գործող վարչախմբի այցելությունը ողջունելու մտադրություն չունի կանադահայությունը: Գործող վարչախմբի՝ ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի օգտագործմամբ գործելաձևը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին։ Այս բոլորը դատապարտելի արարքներ են ժողովրդավարության դրոշակակիր Կանադայում ապրող ժողովրդի համար։
Վարչախմբի կողմից որդեգրված ապազգային քաղաքականության հետևանքով աններելի նահանջ է արձանագրվում մեր ազգային կենսական շահերի նկատմամբ։ Արցախի հիմնախնդիրը վերստին միջազգային օրակարգ բերելու հնարավորության ուղիների որոնման հետամուտ Հայ դատի հանձնախմբերի աշխատանքները խափանող Ալեն Սիմոնյանն ու ՔՊ-ական գործող վարչախումբը հետևողական զիջումներով, սահմանազատման ապօրինի և անձնատվողական գործընթացով, դարձել են թուրք-ադրբեջանական քաղաքական օրակարգի կամակատարը։
Մենք համոզված ենք, որ Հայաստանի գործող վարչախումբն իրավունք չունի որոշելու Արցախի կարգավիճակի ճակատագիրը և նախորոշելու Հայաստանի ինքնիշխան սահմանները, և առ այդ, վերստին դատապարտելով իրենց ազգակործան ընթացքը, առաջիկա օրերին Կանադա ժամանող վարչախմբի կազմը նկատվում է անցանկալի պատուիրակություն»։
AlphaNews.am