ԹՈՒՐՔԵՐԸ ՈՐՈՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԻ «ԳԱՆՁԵՐՆ» ՈՒ ԱՎԵՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
The Economist ամսագիրը «Հայերի թաքցրած գանձերի ավերիչ որոնումները» խորագրով հոդված է հրապարակել, ուր պատմում է, թե ինչպես են «գանձեր որոնելու» անվան տակ թուրքերն ավերում հայկական ժառանգությունը։ Նշվում է, որ թուրքերը մեր օրերում որոնում են, իբրև թե, 1915 թվականի Հայոց ցեղասպանության ընթացքում հայերի կողմից թաքցրած գանձերը, որոնց մասին կեղծ քարտեզներ են տարածվում։
Հոդվածի հեղինակ Էրին Օ’Բրայենը պատմել է, որ այդ որոնումները հանգեցրել են հայկական եկեղեցիների և գերեզմանատների ավերմանը, անդառնալի վնաս հասցրել պատմական ու հնագիտական վայրերին։
Հեղինակը նշել է, որ հայկական եկեղեցիներում և գերեզմանատներում կատարվող կատաղի պեղումները քանդում են պատմական հիմքը: Օ’Բրայենի խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունն «անտեսում է նախկինում հայերով բնակեցված շրջանների թալանը»:
«Համացանցում շրջանառվում են անթիվ գանձերի քարտեզներ, որոնք, իբրև թե, 1915-ին կազմել են հայերը։ Քարտեզների ճնշող մեծամասնությունը կեղծիք է, քանի որ գրառումները ժամանակակից թուրքերենով են։ Կան մարդիկ, ովքեր իրենց ներկայացնում են որպես իմամ կամ հայ քահանա, և որոշակի վճարի դիմաց ծեսեր են անցկացնում՝ ասելով, թե այդ ծեսերի ընթացքում ցույց կտան գանձերի գտնվելու վայրը»,- գրել է հեղինակը։
Նա նշել է, որ ժամանակին Վանա լճի շրջակայքում ավելի քան 600 եկեղեցի կար, մինչդեռ հիմա 100-ից քիչ է։
«Պահպանված եկեղեցիները նման են կմախքների, քանի որ գանձ որոնողները թալանել ու ավերել են եկեղեցիները»,- եզրափակել է նա։