ՆԻԿՈԼԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ՕԿԱՄՊՈՅԻՆ. ԳԵՐԻՆԵՐԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՉԵՆՔ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ, СОР29 –ԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՆՔ
Երևանում սպասում են այն մարդու ժամանմանը, որի անունն արդեն շուրջ 2 տարի արդարության, բարոյականության և պրոֆեսիոնալիզմի խորհրդանիշն է բազմաթիվ հայերի համար: Ապացույցն այն բանի, որ աշխարհում բնավ ամեն ինչ չէ, որ գնվում ու վաճառվում, և որ տխրահռչակ միջազգային հանրությունը բաղկացած է ոչ միայն երեսպաշտներից, ստախոսներից ու ցինիկներից։
Երևան է ժամանում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին (առաջին) դատախազ, արգենտինացի հայտնի իրավաբան և իրավապաշտպան Լուիս Մորենո Օկամպոն:
Հուլիսի 23-ին Օկամպոն դիմեց հայությանը բաց նամակով, որով կոչ արեց արշավ սկսել հայ գերիներին ազատ արձակելու համար և այդպիսով դարձնել COP29-ը «իսկապես խաղաղ խորհրդաժողով»: «Դուք հնարավորություն ունեք գլխավորել գլոբալ շարժումը և ներգրավել այլ շահագրգիռ հանրություններին մեր ժամանակների երկու առավել սուր խնդիրների՝ ցեղասպանության և կլիմայի փոփոխության հաղթահարման գործում»,- գրել է նա, ընդգծելով, որ ՄԱԿ-ի գլոբալ խորհրդաժողովը հնարավորություն է՝ բացահայտելու աշխարհին ճշմարտությունը Ալիևի հանցավոր ռեժիմի մասին:
Դրանից հետո անցած մեկուկես ամսվա ընթացքում Օկամպոն ևս մի քանի անգամ դիմել է հայ ժողովրդին։ Արձագանք եղավ հիմնականում Սփյուռքի շրջանակների կողմից։ Հայաստանի հասարակայնությունը պատշաճ ակտիվություն դեռևս չի ցուցաբերել, և ՄՔԴ նախկին դատախազի հետ սեպտեմբերի 13-ին Երևանում կայանալիք հանդիպումը, դատելով ամենից, հետապնդում է հենց այդ նպատակը. գերիների ազատ արձակման լայն շարժում սկսել մինչև COP29-ի սկսվելը։
Այս մեկուկես ամսվա ընթացքում ՀՀ դե ֆակտո իշխանությունները մի բառ անգամ չեն ասել Օկամպոյի առաջարկի մասին։ Եվ միայն այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Երևան կատարելիք նրա այցի մասին, ռեժիմի ներկայացուցիչները տարբեր մակարդակներով հնչեցրին իրենց պատասխանը։ Եվ այդ պատասխանը հերթական անգամ ապացուցեց ակնհայտը. փաշինյանական հանցախումբը ներկայացնում ու պաշտպանում է բացառապես Ադրբեջանի և Թուրքիայի շահերը: Նախ՝ պարզ դարձավ, որ իշխանությունները մտադիր են մասնակցել Բաքվում նոյեմբերին կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական խորհրդաժողովին, ինչը հույժ անհրաժեշտ է Ալիևին, որպեսզի իրենից հեռացնի միջոցառման առնչությամբ քննադատության այն ալիքը, որը թույլ, բայց այնուամենայնիվ բարձրանում է աշխարհում։ Առայժմ Նիկոլն ու իր ծառայանին խուսափում են խոսել այդ մասին բաց տեքստով, սակայն խուսափողական հայտարարություններով աստիճանաբար նախապատրաստում են երկիրը հերթական ցնցող և հիրավի ամոթալի, խայտառակ լուրին։
Երկրորդ՝ թուրքական դրածոներն ուղիղ տեքստով հայտարարեցին, որ գերիներին ազատ արձակելու Բաքվին ուղղված ոչ մի պահանջ մինչև խորհրդաժողովը չի լինելու, չենք խոսում արդեն այդ պահանջը որպես իրենց մասնակցության պայման ներկայացնելու մասին։ Բայց ոչ միայն. այս հայտարարությունները վկայում են, որ սկսվել է բոլորովին այլ արշավ՝ ի պաշտպանություն Արցախի առաջնորդների դեմ Բաքվում կայանալիք ապօրինի դատավարությունների: Եվ դրանով իսկ՝ դրանց լեգիտիմացման։ Եվ դրանով իսկ՝ ընդհուպ մինչև Բաքվի հետ համատեղ դատապարտում, բացարձակ արդարության, Արցախի և հանուն նրա հայ ժողովրդի պայքարի սրբության ու մեծագույն կարևորության ոչնչացման արշավ:
Օգոստոսի 31-ին այդ արշավը սկսեց անձամբ Փաշինյանը՝ հանդես գալով գրեթե մեկ տարի Բաքվի բանտում գտնվող և ադրբեջանական գերության դժոխքի միջով անցնող մարդու հասցեին նողկալի, ստորագույն և հանցավոր հայտարարություններով. «Ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց անել այդ քայլը, ո՞վ նրան գործուղեց ՀՀ, գործուղեց ԼՂ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ի՞նչ խոստումներով»։
Եվ այնուհետ. «COP 29»-ին մասնակցելու հետ կապված դեռ որոշում չունենք։Եթե հիմա տեսական խոսենք՝ որևէ որոշում բացառել չի կարելի, նայած, թե վերջնական որոշման կայացման ժամկետում ինչ իրադրություն կլինի»։
Սեպտեմբերի 5-ին շեֆին սատարեց ռեժիմի ամենախորշելի, ցինիկ ու երեսպաշտ ներկայացուցիչներից մեկը՝ Անդրանիկ (Անդոն) Քոչարյանը, որն առավել հայտնի է «մաուզերիստ Անդո» մականունով. «Ես հիմա էլ եմ կարծում, որ նրա Արցախ գնալն ունի առեղծվածային խնդիր, և դա առկա էր նաև իր գործողությունների մասով Արցախում մինչև վերջին պահը: Ռուբեն Վարդանյանը մինչև վերջին պահը ասում էր՝ Արցախը երբեք չեմ լքելու, բայց նա, չգիտես ինչ հավաստիացումներից ելնելով, որոշեց, որ Լաչինի միջանցքով պետք է դուրս գա: …Հիմա Ռուբեն Վարդանյանը պետք է կարողանա դատաքննության ժամանակ մեղադրանքները հերքի»։
Հենց նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանի աթոռին Փաշինյանի նստեցրած Անահիտ Մանասյանը նույնպես լեգիտիմացրեց Բաքվի «դատը», թեև առաջին հայացքից նրա հայտարարությունները հակառակ բնույթ էին կրում. «Ադրբեջանում ընդհանրապես էթնիկ հայերի նկատմամբ չեն կարող իրականացվել անկողմնակալ և անկախ մարմինների կողմից դատավարություններ։ Այդ գործընթացը չի համապատասխանում իրավունքի սկզբունքներին։ Բացի այդ, կարևոր է քաղաքական ասպեկտը։ Բոլորս էլ հասկանում ենք, որ դրանք միայն իրավական հարթությունում լուծում պահանջող հարցեր չեն»։
Սա էր ամենը, որ հարկ համարեց հայտարարել «օմբուդսմենը»՝ մեկնաբանելով Արցախի ղեկավարների «գործերը» դատարան հանձնելու մասին լուրը…
Ոչ մի բառ այն մասին, թե ով ում է պատրաստվում «դատել», ոչ մի բառ բուն «դատ» հասկացության անհեթեթության մասին՝ ցեղասպան պետության պարագայում, որը մեղավոր է մարդկության դեմ անթիվ հանցագործությունների մեջ, բայց մտադիր է դատել այն մարդկանց, որոնց ողջ «մեղքը» սեփական ժողովրդին և Հայրենիքին ծառայելն է:
Վերջապես, այդ նողկալի «շքերթում» պարզապես չէր կարող ակնհայտ հաճույքով մեջ չընկնել նշանավոր թքող Ալեն Սիմոնյանը։ Նախ՝ նա հայտնեց, որ «Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախագծում հայ գերիների վերադարձի հարցը չկա»։ Երկրորդ՝ իսպառ բացառեց հնարավորությունը, որ Հայաստանը առաջ քաշի գերիների վերադարձի հարցը որպես COP29-ին իր մասնակցության պայման. այդ մասին, իբր, դեռ վաղ է խոսել։ Եվ հայտարարեց, որ մասնակցելու հրավերներն ուղարկում է ոչ թե Ադրբեջանը, այլ ՄԱԿ-ը, «մոռանալով», որ ադրբեջանցի պաշտոնյաներն իրենք են հնչեցրել հրավերները, այն էլ անվանելով «բարի կամքի դրսևորում»։
Այսպիսով, ընդամենը մի քանի օրվա ընթացքում օկուպացիոն ռեժիմի միանգամից 4 ներկայացուցիչներ հաստատեցին, որ ՀՀ իշխանությունները ոչ միայն մտադիր չեն սատարել Լուիս Մորենո Օկամպոյի կոչին, այլև այս հարցում նույնպես խաղում են Բաքվի կողմից: Թե ինչ է դա նշանակում՝ բացատրելն ավելորդ է։ Բավական է հիշել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մեկ տարվա վաղեմության նիստը, որտեղ Ադրբեջանի ներկայացուցչի գլխավոր փաստարկը դարձավ Փաշինյանի հայտարարությունը, թե «Արցախի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում»։
Ուրեմն այս անգամ էլ ի՞նչը կխանգարի այն պետություններին, կազմակերպություններին կամ անհատ գործիչներին, որոնց Օկամպոյի նախաձեռնած արշավի շրջանակներում կառաջարկվի մինչև խորհրդաժողովի մեկնարկը պահանջել հայ գերիների ազատ արձակում, մերժել հիմնավոր պատրվակով. բայց չէ՞ որ Հայաստանն ինքը դա չի անում։
Ի դեպ, նախադեպն արդեն կա։ Երբ Լիբանանի Հայ դատի հանձնախումբը դիմել է տարբեր երկրների դեսպաններին՝ խնդրելով բոյկոտել COP29-ի անցկացումը Բաքվում, Կանադայի դեսպանը հիմնավորված առարկել է. բայց չէ՞ որ Հայաստանն ինքը համաձայնել է դրան։