ՔՏՀԱ․ «Հրազդան» ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանն անվտանգ չէր և չէր կարող շահագործվել
«Հրազդան» ՋԷԿ-ի տարածքում գտնվող ընկերությունը 2 անգամ բացասական եզրակացություն է ստացել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից, բայց շարունակել է ապօրինաբար աշխատել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՔՏՀԱ մամուլի ծառայությունը։
«Տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումների համադրության արդյունքում նշված օբյեկտն անվտանգ չէր և փաստացի չէր կարող շահագործվել»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ այս տարվա ապրիլի 8-ին տեսչական մարմինը տվել է նշված օբյեկտի շինարարական աշխատանքների ավարտի փաստագրման մերժման եզրակացություն` արձանագրելով, որ շենքում առկա են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։
«Վերակառուցված օբյեկտը, հանդիսանալով որպես արտադրական վտանագավոր օբյեկտ (ԱՎՕ), ստուգման պահին գրանցված չի եղել ՀՀ Ներքին գործերի նախարարության կողմից վարվող արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, չի անցել ամենամյա փորձաքննություն և չի ունեցել շահագործման դրական փորձագիտական եզրակացություն, ինչպես նաև օբյեկտում բացակայել են հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգը, հակահրդեհային ներքին ջրացանցը, հրդեհաշիջման սկզբնական միջոցները»,– ասված է հաղորդագրությունում։
Մերրժումից մեկ ամիս անց ընկերությունը կրկին դիմել է Տեսչական մարմին՝ նախկինում արձանագրված թերությունները վերացնելու հիմքով օբյեկտում կրկին ուսումնասիրություններ իրականացնելու և շինարարական աշխատանքների ավարտը փաստագրելու խնդրանքով։
Արդյունքում օբյեկտում իրականացված կրկնակի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները ընկերության կողմից չեն վերացվել, որոնց հիմքով Տեսչական մարմնի կողմից կրկին տրվել է օբյեկտի շահագործման մերժման եզրակացություն։
Հիշեցնենք, որ «Հրազդան» ՋԷԿ–ին պատկանող ձուլարանում այսօր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ մահացել է, 5-ը` տուժել։ Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, 4–ինը` միջին ծանրության։
ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասին հատկանիշներով:
Կատարվածի հանգամանքները և պատճառները պարզվում են:
Sputnik Արմենիա