Անտոնիո Գուտերեշը դատապարտում է Իսրայելի հարվածը Գազայի փախստականների ճամբարին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտում է Իսրայելի հարվածը Ալ-Մավասի շրջանին, որտեղ, ԶԼՄ-ների տվյալներով, տասնյակ մարդիկ են զոհվել: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

Պաղեստինյան «Ալ-Աքսա» հեռուստաալիքն այսօր հաղորդել է Ալ-Մավասի շրջանին իսրայելական հարվածի հետևանքով առնվազն 40 մարդու մահվան մասին, տուժել է 60 մարդ: Իսրայելական հարվածը դիպել է ներքին տեղահանված անձանց վրաններին։

Իսրայելական բանակն իր հերթին հայտարարել է, որ հարվածը հասցրել են ՀԱՄԱՍ-ի անդամների հրամանատարական կենտրոնին:

«Գլխավոր քարտուղարը խորապես անհանգստացած է Գազայում մարդկանց շարունակական մահերի կապակցությամբ: Նա խստորեն դատապարտում է Իսրայելի կողմից Խան-Յունիս տեղահանված անձանց համար հատուկ հատկացված գոտու ուղղությամբ Իսրայելի ավիահարվածը»,-ասել է Դյուժարիկը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Հիշեցնենք` Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ենթարկվել է աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման, ինչից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտիկները ներխուժել են Իսրայելի սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների ու քաղաքացիական անձանց վրա և պատանդառելով ավելի քան 250 մարդու:

Դրանից հետո Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսել է «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Իսրայելը հայտարարել է անկլավի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել են ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:

Sputnik Արմենիա