Հայր ԶԱՔԱՐԻԱ․ ՈՒՏԵԼ-ԽՄԵԼ-ՈՒՐԱԽԱՆԱԼ ԾՐԱԳՐՈՎ ՄԵՆՔ ԿԿՈՐՑՆԵՆՔ ՄԵՐ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ

Եթե նախկինում հայ առաքելական եկեղեցու առջև դրված խնդիրներից մեկը Սփյուռքում հային հայ պահելն էր, այսօր եկեղեցին հային հայ պահելու խնդիրն ունի նաև հայրենի հողի վրա` Հայաստանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

Նրա կարծիքով` վերջին տարիներին գլոբալ հիմնական հարվածներն ուղղված են եկեղեցու և ընտանիքի ինստիտուտին, և փորձ է արվում հայի մտածողության մեջ փոխել ավանդական քրիստոնեական ընտանիքի պատկերացումները։

«Հստակ է` ինչու են հարվածներն ուղղված եկեղեցուն, որովհետև եկեղեցին ի վերջո մնում է այն աստվածահաստատ և դարերի ընթացքում արդեն իսկ պատմության վկայված ազգային հաստատությունը, որը պետք է խոսի գլոբալ առումով մեղքի, չարաշահումների, սխալների մասին, իսկ որպեսզի նման խնդիրներ և նաև գլխացավանք չունենան, պետք է եկեղեցուն կամ եկեղեցականությանը գցել տարբեր խնդիրների մեջ, զբաղեցնել նրանց, և այս արհեստական տարանջատումները պետություն–հայրենիք և այլն մի ամբողջի մեջ պետք է դիտարկել»,–նշեց Հայր սուրբը։

Նա ուշադրություն է հրավիրում, թե ինչ աշխարհագրական դիրքում է գտնվում Հայաստանը և ինչպիսի հարևաններով է շրջապատված և նկատում է, որ փորձում են հային իրականությունից կտրել` ստեղծելով պատրանքային իրականություն, որտեղ կյանքի գերագույն նպատակը ըմբոշխնելն է և որտեղ որևէ հոգևոր կոմպոնենտ չկա։

«Մարդը միայն հաց չի ուտում, մարդն ունի զգացմունքներ, հոգևոր պահանջմունքներ։ Ուտել–խմել–ուրախանալ ծրագրով չենք կարող առաջ գնալ, մենք կկորցնենք մեր ինքնությունը, տարածքը։ Սա կլինի վայր, որտեղ կապրեն որոշակի թվով հայեր, սակայն այլևս չի լինի մեր հայրենիքը։ Մեր տունը քանդել և քանդելու է երեք բան` տգիտությունը, անտարբերությունը և ավելորդ սնապարծությունը, և մենք շարունակելու ենք ընկնել, եթե չանդրադառնանք և դասեր չքաղենք մեր պատմությունից»,–ընդգծեց Տեր Զաքարիան։

Նա վստահեցնում է` հենց հայոց եկեղեցին է պահել ու պահպանել հային հայրենիքում։

«Աստված երկու անգամ 20–րդ դարում մեզ անկախություն պարգևեց՝ 1918 ու 1991 թվականներին, բայց մենք չկարողացանք հասկանալ անկախության գինը, մենք չկարողացանք սերունդներ դաստիարակել պետականամետ մտածողությամբ։ Իսկ այսօրվա խնդիրն է գնահատել Աստծուց տրված այդ անկախությունը, ապրել մեր երկրում, զորանալ և եթե ինչ–որ նպատակներ ունենք՝ գնանք դրանց հետևից։ Եթե մեր նպատակն ուտել–խմելն է, ապա շատ շուտով իբրև տեսակ ենք վերանալու, բայց եթե նպատակ ունենք այլ տիրապետության ներքո գտնվող հայրենի հողերը կրկին վերագրավել և մեր սրբություններին տեր կանգնել՝ պետք է լուրջ ծրագիր ունենալ»,–նշեց Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

Նշենք, որ այս ամիս` սեպտեմբերի 29–ին տեղի է ունենալու պատմական առումով բացառիկ իրադարձություն` 301-303 թթ.-ին կառուցված Մայր տաճարի վերաօծումը։ 6 տարվա ընդմիջումից հետո այն կբացի իր դռները հավատացյալ ժողովրդի առջև։

Տաճարը ամբողջությամբ հիմնանորոգվել է։ Եզակի աշխատանք է կատարվել նաև շինարարական առումով, ջրահեռացման համակարգերն են փոխվել, որմնանկարներն են վերականգնվել-թարմացվել։

Sputnik Արմենիա