ACURA ԲԱՑԱՌԻԿ․ ՀԱՅԱՍՏԱՆ և ՎՐԱՍՏԱՆ. ԵՐԿՈՒ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

15 տարի առաջ Միխեիլ Սահակաշվիլիի Վրաստանը աշխարհաքաղաքականության հարցերով դիտորդների համար լայնորեն ընկալվում էր, իբրև դասագրքային օրինակ այն մասին, թե ինչ ու ինչպես պետք է անեն հետխորհրդային պետությունները։ Ի տարբերություն դրա, Վրաստանի հարավային հարևան Հայաստանը՝ աշխարհաքաղաքական «շախմատի վարպետ» Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, իրենից ներկայացնում էր լրիվ հակառակ պատկեր. փոքր հետխորհրդային պետությունը հաջողությամբ բալանսավորում էր հարաբերությունները Արևմուտքի ու Արևելքի արանքում։

Հիմա, այդուամենայնիվ, մեկ և կես տասնամյակ անց, իրավիճակը գլխիվայր փոխվել է, և երկու կովկասյան վաղեմի հարևանները նկատելիորեն փոխվել են դերերով։ Բիձինա Իվանիշվիլիի Վրացական երազանք կուսակցության իշխանության ներքո հիմա Վրաստանն է լայնորեն համարվում պրագմատիկ քաղաքականության մոդել այլ հետխորհրդային հանրապետությունների համար։ Միևնույն ժամանակ Հայաստանը՝ «հեղափոխական» Նիկոլ Փաշինյանի իշխանության ներքո հիմա մրցակցում ու թերևս անգամ առաջ է անցնում տարաբախտ Սահակաշվիլիից՝ վատ արտաքին քաղաքական մենեջմենթի առումով։ Մեծ հեգնանքը նրանում է, որ հենց Իվանիշվիլին էր մի առիթով հրապարակայնորեն հայտարարել, որ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը դարձել է Վրաստանի համար օրինակելի երկիր։

Եվ այսպես. ի՞նչ պատահեց։

Արևմուտքի ու Արևելքի արանքում

Հայաստանի և Վրաստանի աշխարհաքաղաքական նուրբ իրավիճակն ավելի լավ հասկանալու համար անհրաժեշտ է նախևառաջ տիրապետել պատմական ու աշխարհաքաղաքական ավելի լայն համատեքստին։

Այս երկու կովկասյան հանրապետությունները գտնվում են կարևորագույն հանգույցում, որտեղ խաչվում են Արևելյան Եվրոպան, Հարավային Եվրոպան ու Մերձավոր Արևելքը։ Երկուսն էլ հնագույն ուղղափառ քրիստոնյա երկրներ են։ Ի մասնավորի՝ Հայաստանը հայտնի է, որպես քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակած առաջին պետություն։ Հայերը ավանդաբար այդ իրադարձության տարի են մատնանշում 301 թվականը։ Երկու ժողովուրդներն էլ իրենց հնագույն այբուբեններն ունեն, յուրահատուկ ճարտարապետական ոճերը և ավանդական միջերկրածովյան աշխարհի հետ ամենասերտ կապերը։ Բնականաբար, նաև կրում են Ռուսաստանի և Պարսկաստանի երկարաժամկետ ազդեցությունները։

Այս աշխարհաքաղաքական համատեքստերը Վրաստանի ու Հայաստանի համար թե՛ օրհանք, թե՛ անեծք են եղել։ Մի ժամանակ երկու երկրներն էլ մեծապես օգտվել են իրենց դիրքից՝ բարգավաճելով Մետաքսի ճանապարհով անցնող տնտեսական հոսքերի ու միջմշակութային փոխազդեցությունների շնորհիվ։ Խաչմերուկում գտնվելու հետևանքով երկու երկրներն էլ նաև սաստիկ փորձությունների են ենթարկվել։ Դարեր շարունակ նրանց ռազմավարական դիրքը բարձր էր գնահատվում մեծ տերությունների կողմից՝ լինեին դրանք հռոմեացիները (ավելի ուշ՝ բյուզանդացիները) պարսիկների դեմ, պարսիկները՝ օսմանյան թուրքերի դեմ, թե օսմանյան թուրքերը՝ ռուսների դեմ։ Աշխարհաքաղաքական ինտրիգներն ու աշխարհագրության թելադրած ճակատագիրն այս երկու երկրներին դարձնում էին խոցելի քաղաքացիական պատերազմների, եղբայրասպան կռիվների և, իհարկե, իրենց իսկ տարածքում մրցակից տերությունների պատերազմների համար։

Այդպիսով, տարածաշրջանային ազդեցության համար մղվող մրցակցությունը Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների միջև նոր փորձություն չէ հայերի ու վրացիների համար։ Նորույթը, և դա բավական ապշեցուցիչ է, այն է, թե ինչպես են զարգացել այս աշխարհաքաղաքական մրցակցության վերաբերյալ դիրքավորումները Երևանում և Թբիլիսիում վերջին երկու տասնամյակների ընթացքում։

Երկու հարևանների պատմության մասին

2003թ. այսպես կոչված «Վարդերի հեղափոխության» հետևանքով իշխանություն ստանալով՝ սադրիչ կերպով պրո-արևմտյան դիրքորոշումներ որդեգրած Սահակաշվիլին ազդարարեց ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի անդամ դառնալու պլանների մասին՝ միևնույն ժամանակ համակարգված կերպով ոչնչացնելով Մոսկվայի հետ կապերը։ Արևմուտքի ու Արևելքի միջև բալանսավորված քաղաքականություն որդեգրելու փոխարեն՝ այդ թափթփված վրացին բացարձակ ու միարժեք կերպով համոզված էր ամերիկյան գերազանցության հարցում։

Բնականաբար, այդ մտածողության հիմքում ընկած էին այն «խորիմաստ խորհուրդները», որ տալիս էին պատերազմի կողմնակից իր «վերադասները» Վաշինգտոնում (ի.գ. հեղինակն այստեղ գործածում է անգլերեն «handler» բառը, որը վերաբերում է հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված մարդկանց հետ աշխատանքին)։ Հիրավի, Սահակաշվիլիին փոխանցվող ոգևորությունը մաս էր կազմում ԱՄՆ կողմից ՆԱՏՕ-ի ընդլայնմանն առնչվող ավելի ընդգրկուն դրամատիկ զարգացումների, որոնք ըստ էության խախտում էին խորհրդային վերջին նախագահ Միխաիլ Գորբաչովին տրված խոստումը, որ ՆԱՏՕ-ն «մի թիզ անգամ» չի ընդլայնվելու Արևելյան Գերմանիայից անդին։

Ի վերջո, Սահակաշվիլիի անխոհեմ քաղաքական կուրսի հետևանքը դարձավ 2008թ պատերազմը Հարավային Օսեթիայում, որի համար ներկայիս պաշտոնական Թբիլիսին ուղիղ մեղադրում է Սահակաշվիլիին ու իր թիմակիցներին, ովքեր գործել էին «արտաքին ուժերի» պատվերով։ Այդ պատերազմն ավարտվել էր Վրաստանի պարտությամբ և Մոսկվայի կողմից Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախության ճանաչմամբ։ Երբ Ցխինվալիում պատերազմի թանձր ծուխը մաքրվել էր, պարզ իրականությունն արագորեն ակնհայտ էր դարձել բոլորին. Ամերիկան զորք չի ուղարկելու և չի առաջնորդելու իր ՆԱՏՕ-ական հեծելազորին։ Սապերավիի ու նույնիսկ չաչայի ոչ մի ծավալ այլևս անզոր էր փոխել այս իրականությունը՝ անկախ Սահակաշվիլիի շարունակական մոլորություններից, որ Արևմտյան օգնությունը չի ուշանա։ Որոշ վրացի պաշտոնյաներ հասկացել էին սա հենց ամենասկզբից, երբ պատերազմի ընթացքում նույնիսկ մեղադրեցին Վաշինգտոնի բանագնաց Մեթյու Բրայզային պատերազմից առաջ Սահակաշվիլիին «դուխ տալու» համար։

Այդ ժամանակ Վրաստանի իրավիճակը շեշտակի տարբերվում էր հարևան Հայաստանից։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության ներքո Երևանը բալանսավորված արտաքին քաղաքականություն էր վարում՝ հավասարակշռելով թե՛ Արևելքի, թե՛ Արևմուտքի շահերը։ Սարգսյանը, ով լայնորեն ճանաչված էր իբրև փորձառու գործիչ և աշխարհաքաղաքական «շախմատի վարպետ», շատ լավ հասկանում էր կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի առաջատար դերը։ Հայաստանի նախագահը Մոսկվայի հետ ռազմական դաշինքին կենսական նշանակություն էր տալիս իր երկրի անվտանգության ապահովման և ավելին՝ ազգային գոյապահպանության ապահովման տեսանկյունից, ինչի կարևորությունն ակնառու էր հատկապես 1915թ. Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը հաշվի առնելով։ Այս պատճառով է, որ Հայաստանը դարձավ առաջին հետխորհրդային հանրապետությունը Կովկասում, որը միացավ Եվրասիական տնտեսական միությանը։ Պեկինի ու Թեհրանի հետ հարաբերությունները նույնպես առաջնահերթություն էին համարվում Սարգսյանի վարչակազմի օրոք։

Միևնույն ժամանակ Հայաստանի աշխարհաքաղաքական իրողությունները չէին խոչընդոտում Արևմուտքի՝ մասնավորաբար Եվրոպական Միության և Միացյալ Նահանգների հետ կառուցողական հարաբերություններ զարգացնելու հարցում։ Այս իմաստով Հայաստանը յուրատեսակ «կամրջի» դեր էր խաղում Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում։ Արևմտյան երկրներում ապրող հայկական սփյուռքի համայնքները Երևանի այսպիսի աշխարհաքաղաքական «բալանսավորման» ոչ պաշտոնական աջակիցն էին դարձել։ Սարգսյանը և իր ավագ դիվանագետ Էդվարդ Նալբանդյանն այնքան հեռուն գնացին, որ նույնիսկ փորձ արեցին Թուրքիայի հետ վարել կառուցողական «ֆուտբոլային դիվանագիտություն», որը բացահայտեց Անկարայի իրական դեմքը՝ ի վերջո ստեղծելով իրավիճակ, երբ հենց Թուրքիան մերժեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված Երևանի ջանքերը։ Նկարագրված դրվագներից յուրաքանչյուրում Երևանի առաջնային նպատակն էր հայկական շահերն սպասարկելը՝ ներառյալ հայկական պետության բնակչության անվտանգությունը և ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Արցախի հայերի իրավունքների պաշտպանությունը։

Փոփոխվող ռազմավարություններ, պրագմատիկ իրողություններ

Սարգսյանի պրագմատիզմն աննկատ չմնաց։ Վրաստանում Սահակաշվիլիի ազդեցիկ մրցակից միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ոգեշնչված էր Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության մոտեցումներով։ Տպավորիչ հաղթանակ տանելով Սահակաշվիլիի նկատմամբ Վրաստանի 2012թ. խորհրդարանական ընտրություններում՝ Իվանիշվիլին անմիջապես սկսեց վերակողմնորոշել Վրաստանի արտաքին քաղաքականությունն ավելի պրագմատիկ ուղղությամբ։

Իբրեվ իր հղման կետ՝ նա հրապարակայնորեն նշեց Սարգսյանի ռազմավարությունը, որը նա անվանում էր աշխարհաքաղաքականության «հայկական ճանապարհ»։ Իվանիշվիլիի արտաքին քաղաքականությունն իր հերթին հետո պետք է հայտնի դառնար Վրաստանում ու Հայաստանում, իբրև հենց Իվանիշվիլիի «հայկական ճանապարհ»։

Վրաստանն այլևս չլքեց այս ուղին՝ վերականգնելով Ռուսաստանի հետ հարաբերությունները և փորձելով ավելի սերտ գործակցություն զարգացնել Չինաստանի ու Իրանի հետ՝ զուգահեռ դուռը բաց թողնելով եվրո-ատլանտյան կառույցների հետ հարաբերությունների համար։ Արդյունքում՝ շահեց վրաց ժողովուրդը, ինչն ընդգծեց, որ «Վրացական երազանքի» արտաքին քաղաքականությունն ավելի պրո-վրացական է, քան որևէ այլ ուղղվածության ծիրում է։

Հայաստանը նույնքան բախտավոր չէր։ 2018 թվականին Սարգսյանը, ով բանակը մոդեռնիզացնելու ճանապարհին էր, զրկվեց իշխանությունից ժողովրդական ապստամբության արդյունքում, որը սադրել ու առաջնորդում էր ընդդիմադիր ակտիվիստ Նիկոլ Փաշինյանը՝ Արևմտյան հասարակական կազմակերպությունների ակտիվ աջակցությամբ։ Հայաստանի «թավշյա հեղափոխությունը» որևէ կերպով հիմնավոր չփոփոխեց սոցիալ-տնտեսական իրավիճակը երկրում, որը Փաշինյանը խոստանում էր անել։ Հակառակը՝ նա ավելի խորացրեց այն՝ հետխորհրդային այլ «գունավոր հեղափոխությունների» սովորական սցենարով։ Փոխվեց միայն պետության արտաքին քաղաքական կողմնորոշումը։ Թեև Փաշինյանն ու իր աջակիցներն ի սկզբանե հռչակում էին, որ «հեղափոխությունը» չունի «որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ», Ռուսաստանի հետ հարաբերությունները գրեթե ամենասկզբից առանձնացան սադրանքներով և անվստահությամբ։ Այս շարքում կարելի է նշել նաև Փաշինյանի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների ու նախկին պաշտոնյաների քրեական հետապնդումները՝ ներառյալ նախկին նախագահների նկատմամբ։

Փաշինյանը իբրև թե փորձում էր նաև «կոշտ գծի» ջատագով լինել Լեռնային Ղարաբաղի շուրջ շարունակվող երկարատև հակամարտությունում։ Ինչևէ, իր այդ «կոշտ գիծը» պատճառ դարձավ հարևան Ադրբեջանի հետ 2020թ. մեծ պատերազմ սադրելու համար, որի արդյունքը եղան բազմաթիվ մահերը, Ղարաբաղի հայերի համար նշանակալի տարածքային կորուստները և Հայաստանի ազգային անվտանգության համակարգի լուրջ տկարացումը։ Չնայած ռուս խաղաղապահների տեղակայմանը տարածաշրջանում, Փաշինյանը, գործելով Արևմտյան պաշտոնյաների խորհրդով, որոշեց 2022թ. հոկտեմբերին ամբողջությամբ հրաժարվել Լեռնային Ղարաբաղից՝ ճանապարհ հարթելով Բաքվի համար 2023թ. սեպտեմբերին տարածաշրջանում էթնիկ զտում իրականացնելու համար։ Ինչևէ, ի տարբերություն Սահակաշվիլիի, Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի ողբերգությունը չի համարում Հայաստանի համար կորուստ։ Վարչապետը որևէ զղջում չի ցուցաբերում իր գործողությունների համար։ Նա երկար ժամանակ դիտարկել է այդ լեռնային շրջանը և իր բնիկ ժողովրդին իբրև «բեռ» Հայաստանի համար։ Անտեսելով Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը՝ Փաշինյանը հուսով էր, որ հայրենիքի մի մասի «զոհաբերությունը» կօգնի արագացնել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը և հնարավոր կդարձնի դեպի Արևմուտք ու ՆԱՏՕ Հայաստանի վերակողմնորոշումը։

Ինչեվէ, ղարաբաղյան հարցի «լուծումը» չդարձավ որեվէ «արագ խաղաղության» հասնելու միջոց, այլ ծնեց ավելի մեծ ու ավելի հավակնոտ ադրբեջանական պահանջներ Հայաստանի տարածքի վերաբերյալ՝ հատկապես հարավում գտնվող Սյունիքի շրջանում։

Չնայած ոստիկանության զորքերի կոշտ կիրառությամբ իշխանությունը պահելուն՝ Փաշինյանը գնալով ավելի ոչ պոպուլյար է դառնում հայերի մեծամասնության համար, և նրա իշխանության դեմ բողոքի ցույցերը պարբերական բնույթ ունեն։ Ավելին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունները, ներառյալ Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ, ի ցույց են դնում, որ Մոսկվան բացարձակ ոչ մի ցանկություն չունի լքել Անդրկովկասը։ Հայաստանը բոլոր առումներով շարունակում է մնալ խորապես ինտեգրված Եվրասիական տնտեսական միության մեջ՝ առաջին հերթին տնտեսական առումով։

Եվ այսպիսով՝ ո՞ր կովկասյան հանրապետությունն է այսօր առավել պրագմատիկ քաղաքականություն վարում Ռուսաստանի նկատմամբ։ Դա, հաստատ, Փաշինյանի Հայաստանը չէ։ Իլհամ Ալիևի Ադրբեջանը հաճախ իրեն հորջորջում է «պրագմատիզմի բաստիոն», որը իբրև թե հաջողությամբ բալանսավում է հարաբերությունները Արևելքի ու Արևմուտքի միջև։ Այդուամենայնիվ, Բաքվի տևական սերտ կապերը Արևմտյան մեծ նավթային ընկերությունների, Իսրայելի, ամերիկյան ռազմաարդյունաբերական համալիրի հետ ու Վաշինգտոնում լոբբիստական ներկայությունն այդ երկիրը ավելի շուտ դարձնում են «Կասպիցի Քուվեյթ»։

Հետևաբար Վրաստանն է այսօր կովկասյան պետությունների շարքում իր պրագմատիկ ու բալանսավորված արտաքին քաղաքականության առումով շահում առաջին հորիզոնականը։ Վրաց ժողովրդի շահերը գերակա համարելով մնացյալ ամեն ինչից՝ Թբիլիսին հաջողությամբ կարողանում է դժվարին հավասարակշռություն պահպանել մրցակից աշխարհաքաղաքական խաղացողների միջև։ Սահակաշվիլիի ու նրա թիմակիցների «հեղափոխական վերադարձի» դղրդյունը լսելով՝ մենք պետք է միայն լիահույս լինենք, որ Վրաստանը կկարողանա պահպանել իր բալանսը և միգուցե անգամ ոգեշնչել Հայաստանին վերադառնալ իր սեփական պրագմատիկ քաղաքականությանը՝ որևէ նոր առաջնորդության պայմաններում։ Այսօրվա բազմաբևեռ իրողություններում վերոնշյալ «հայկական ճանապարհը», որը թերևս կարելի է վերանվանել «Իվանիշվիլիի ճանապարհ», հիմա առավել քան տեղին է։

Պիետրո Շաքարյանը պատմական գիտությունների դոկտոր է և մասնագիտանում է Ռուսաստանի ու Խորհրդային միության պատմության հարցերում։ Նա հետդոկտորական գիտայցելու է Ս.Պետերբուրգի Տնտեսագիտության բարձրագույն դպրոց ազգային հետազոտական համալսարանի Պատմական ուսումնասիրությունների կենտրոնում։

2024թ սեպտեմբերի 2

ACURA