Ալբանացի փոխնախարար․ Հայաստանը կարող է կապի հանգույց հանդիսանալ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի միջև

Ալբանիայի էկոնոմիկայի, մշակույթի և նորարարության փոխնախարար Օլթա Մանյանիի կարծիքով՝ աշխարհագրական և ռազմավարական առումներով Հայաստանը գտնվում է շատ բարենպաստ դիրքում և կարող է կապի հանգույց ծառայել Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի միջև:

Ալբանիայի էկոնոմիկայի, մշակույթի և նորարարության փոխնախարարը նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիային վերաբերող հարցին։

Գնահատելով Հայաստանի և Ալբանիայի միջև առկա տնտեսական փոխհարաբերությունների ներկա մակարդակը՝ Օլթա Մանյանին նկատեց, որ ինչպես Հայաստանն, այնպես էլ Ալբանիան փոքր երկրներ են։

«Որքանով տեղյակ եմ, Հայաստանն ունի մոտ 2,8 միլիոն բնակչություն, իսկ Ալբանիան՝ մոտ 2,4 միլիոն: Այսպիսով, այս համատեքստում, կարծում եմ, լավ է, որ մենք հետագայում կառուցենք մեր տնտեսական հարաբերություններն ու ավելի զարգացնենք դրանք», - ասաց նա՝ նկատելով, որ իրականում երկու երկրների միջև առևտուրը շատ զարգացած չէ:

Ալբանիայի էկոնոմիկայի, մշակույթի և նորարարության փոխնախարարը հայտնեց, որ 2023 թվականի վերջին տվյալներով՝ Ալբանիայից Հայաստան արտահանումը կազմել է շուրջ 5,8 միլիոն դոլար։

«Իհարկե, սա շատ չէ։ Բայց մենք ավելի քան կրկնապատկել ենք այս ծավալները, քանի որ 2019 թվականի դրությամբ այն կազմում էր ընդամենը 2,4 միլիոն դոլար», - ասաց Մանյանին։

Նա հավելեց, որ մյուս կողմից Ալբանիան ավելի քիչ է ներմուծում Հայաստանից, և իր կարծիքով՝ այդ հարցում երկու երկրներն աշխատանք պետք է կատարեն՝ փորձելով ավելի ակտիվացնել տնտեսական հարաբերությունները:

«Ես գիտեմ, որ երկու երկրներն էլ մեծ ներդրումներ են կատարում թվային ենթակառուցվածքի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Ալբանիան, ես կասեի, առաջատար երկիր է ՏՏ ոլորտի զարգացումների արագ տեմպերով։ Մենք համարվում ենք այն երկրներից մեկը, որն ունի բազմաթիվ թվայնացված ծառայություններ։ Մեր հանրային ծառայությունների ավելի քան 95%-ը թվայնացված է, ինչը խոսում է այն ուշադրության մասին, որ երկրի ղեկավարությունը դարձնում է ՏՏ ոլորտի զարգացմանը», - ընդգծեց Օլթա Մանյանին՝ հավելելով, որ, հավանաբար, այս համատեքստում երկու երկրները կարող են շատ բան սովորել միմյանցից։

Անդրադարձ կատարելով հարցին, թե ո՞ր ոլորտների համագործակցությունն է, որ ամենաշատն է հետաքրքրում երկու երկրների տնտեսական հարաբերություններում՝ Ալբանիայի էկոնոմիկայի, մշակույթի և նորարարության փոխնախարար Օլթա Մանյանին ընդգծեց, որ այդ ոլորտը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառն է, որում երկու երկրները կարող էին շատ բան փոխանակել:

«Իհարկե, մենք նաև շահագրգռված ենք հանքարդյունաբերությամբ և ունենք մի քանի օգտակար հանածոներ, որոնք արտահանում ենք աշխարհով մեկ: Ինչպես ասացի, այս պահի դրությամբ Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների ծավալը մի քիչ փոքր է, բայց մենք շատ բան ունենք սովորելու միմյանցից», - իր խոսքում նշեց փոխնախարարը:

Անդրադառնալով տնտեսության մեջ դիվերսիֆիկացիա իրականացնելու կարևորությանը, օրինակ, Հայաստանի պարագայում՝ փոխնախարարը նկատեց, որ Հայաստանը համեմատաբար փոքր երկիր է, բացի այդ երկրի համար մեկ այլ մարտահրավեր է դեպի ծով ելք չունենալու հանգամանքը։

«Այդուհանդերձ, ամբողջ գաղափարն այն է, թե ինչպե՞ս կարելի է մարտահրավերները վերածել հնարավորությունների: Այսպիսով, աշխարհագրական և ռազմավարական առումներով դուք շատ բարենպաստ դիրքում եք, քանի որ կարող եք որպես կապի հանգույց ծառայել Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի միջև: Դուք պետք է լիովին օգտվեք դրանից: Եվ դա անելու եղանակներից մեկն, իհարկե, ենթակառուցվածքների կառուցումն ու դրանց բարելավումն է, որպեսզի կարողանաք հօգուտ ձեզ օգտագործել աշխարհագրական այդ նպաստավոր դիրքը», - շեշտեց փոխնախարարը։

Օլթա Մանյանիի դիտարկմամբ՝ Ալբանիան էլ Հայաստանի նման տարբեր խնդիրներ ունի հարևանների հետ, բայց ենթակառուցվածքների կառուցման և, իհարկե, դեպի ծով ելք ունենալու շնորհիվ կարողացել է հաղթահարել մարտահրավերներն ու դժվարությունները:

«Ըստ իս՝ ենթակառուցվածքներում կատարվող ներդրումները կարող է շրջադարձային կետ լինել երկրի տնտեսության համար: Բացի այդ, նաև այն ուշադրությունը, որ դուք ունեք թվայնացման և ՏՏ ոլորտի վրա, շատ կարևոր է, հատկապես մեր նման փոքր երկրների համար, երբ շատ չեն բնական ռեսուրսները կամ այլ ոլորտներ, որոնց վրա դուք կարող եք կենտրոնանալ։ Հետևաբար, աշխարհի հետ կապվելու տեսանկյունից սա հիանալի հնարավորություն է», - եզրափակեց փոխնախարարը։