Ձուլարանը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, նախատեսվում էր շահագործել տարեվերջին

Ձուլարանը, որտեղ երեկ երեկոյան տեղի էր ունեցել պայթյունը, չի պատկանում «Հրազդան ՋԷԿ»-ին, տարածքը վարձակալության հիմունքներով տրված է այլ կազմակերպության։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Հրազդան ՋԷԿ» ընկերության ներկայացուցիչ Զարուհի Մանասյանը։

«Հրազդան ՋԷԿ-ի տարածքում կազմակերպվում է «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտի, որի տարածքում գտնվում է ձուլարանը։ Մենք վարձակալության հիմունքներով տարածքը տվել ենք տվյալ ընկերությանը, որը նպատակ ունի այդտեղ կառուցել ձուլարան։ Տվյալ պահին այն շահագործման ենթակա չէ։ Այնտեղ շինարարական և տեխնիկական վերազինման աշխատանքներ են ընթանում»,- տեղեկացրեց Մանասյանը՝ հավելելով, որ ընկերությունը նախատեսում էր շահագործել ձուլարանը տարեվերջին։

«Հրազդան ՋԷԿ»-ի ներկայացուցչի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել ոչ արտադրական տարածքում. Իրենց տեղեկություններով՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հուլիսին ևս մեկ անգամ է ստուգումներ իրականացրել, և խախտումներ չի հայտնաբերել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։50-ի սահմաններում, պայթյուն էր տեղի ունեցել «Հրազդան ՋԷԿ»-ի տարածքում՝ չգործող ձուլարաններից մեկում։ Պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 6 անձ. վերջինները տեղափոխվել են «Հրազդան» ԲԿ, որտեղ նրանցից մեկը մահացել է։