Իրանի ԱԽ ղեկավարն առաջարկել է անվտանգության հատուկ կառույց ստեղծել ԲՐԻԿՍ-ի ներսում

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավար Ալի Աքբար Ահմադիանը ԲՐԻԿՍ+–ի երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպման ժամանակ առաջարկել է կազմակերպության ներսում ստեղծել անվտանգության հատուկ կառույց։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Tasnim»-ին։

«Իմ կոնկրետ առաջարկն է ԲՐԻԿՍ-ի համար անվտանգության հատուկ կառույց ստեղծել պայքարելու համար այնպիսի ընդհանուր սպառնալիքների դեմ, ինչպիսիք են ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, նարկոթրաֆիկը, նոր տեխնոլոգիաների՝ արհեստական ինտելեկտի և արբանյակների օգտագործման չարաշահումը, ինչպես նաև մարդկանց թրաֆիկինգը, անօրինական կենսաբանական գործունեությունը, կիբեռտարածությունում սպառնալիքները», – ասել է Ահմադիանը։

Պաշտոնյան նաև նշել է, որ տնտեսական համագործակցության հետ մեկտեղ ԲՐԻԿՍ-ի անդամ պետությունները կարող են ստեղծել համաշխարհային անվտանգության նոր համակարգ՝ հաղթահարելու առկա միջազգային անվտանգության համակարգի թույլ կողմերը:

ԲՐԻԿՍ–ը միջկառավարական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թվականին: Ռուսաստանը 2024 թվականի հունվարի 1-ից ստանձնել է կառույցի նախագահությունը։ Տարին սկսվել է կազմակերպությանը նոր պետությունների անդամակցությամբ բացի ՌԴ-ից, Բրազիլիայից, Հնդկաստանից, Չինաստանից և ՀԱՀ-ից, ԲՐԻԿՍ-ի անդամ են դարձել նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան: ԲՐԻԿՍ-ում Ռուսաստանի նախագահությունն ընթանում է արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիություն ամրապնդելու նշանաբանով: Իր նախագահության շրջանակում ՌԴ-ն կազմակերպում է ավելի քան 200 քաղաքական, տնտեսական և հասարակական միջոցառումներ:

Sputnik Արմենիա