ՔԱՅԼ ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ "ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ" ՍԱՍՏԿԱՑՈՒՄ
Մի՞թե իրականում այդչափ անթափանց է «Զանգեզուրի միջանցքի» թեմայի շուրջ տիրող մշուշը։ Տպավորություն է ստեղծվում, որ կամաց-կամաց, անուղղակիորեն, բայց հարցը սկսում է ավելի առարկայական ուրվագծեր ստանալ, ընդ որում՝ բնավ ոչ արտաքին դերակատարների կողմից (Ռուսաստան, ԵՄ, ԱՄՆ, համբերատար Իրան, որը մշտապես հայտարարում է, որ թույլ չի տա տարածաշրջանային սահմանների վերաձևում և այլն), այլ հայկական ղեկավարության ներկայացուցիչների, որոնք պաշտոնապես ժխտում են այնպիսի օրակարգի գոյությունը, ինչպիսին է «Զանգեզուրի միջանցքը»։
Մինչդեռ օրերս ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը նշեց, որ Ադրբեջանը Սյունիքի միջով Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը կարող է փոխանցվել մասնավոր պահնորդական ընկերությանը: Հետաքրքիր նորություն, որը մեկնաբանեցին հայրենի փորձագետները։
Քաղաքագետ-միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը ALPHA NEWS-ի հետ զրույցում ասաց. «Հիմա քննարկվում է միջանցքի նկատմամբ վերահսկողությունը տրամադրել մասնավոր միջազգային կազմակերպության։ Սա նշանակում է՝ առնվազն անվտանգության ոլորտում, որը մեզ համար ամենակարևորն է, մնում է Հայաստանի վերահսկողությունից դուրս, հետևաբար, սա նշանակում է, որ այս բաղադրիչով կարող ենք կոմունիկացիան անվանել միջանցք։ Ես մինչ օրս չեմ հանդիպել նման դեպքի, երբ միջպետական սահմանի անվտանգությունը ստանձնի ինչ-որ միջազգային մասնավոր կազմակերպություն։ Գուցե նման դեպքեր լինեն, բայց դժվար այն իրավիճակում լինեն, որում մենք ենք, երբ Ադրբեջանը որոշել է օկուպացնել ոչ միայն Սյունիքի հարավը, այլ ընդհանուր Հայաստանի տարածքը մաս-մաս։ Այդ առումով անվտանգությունը վստահելով այլ ուժի, որը չգիտես, եթե չկատարի իր պարտականությունները, ինչ հետևանքներ կլինեն»։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների կողմից Հայաստանի տարածքով անցնող ճանապարհների անվտանգության վերահսկողությունը մասնավոր կազմակերպությանը փոխանցելու հնարավորության դիտարկումը նշանակում է Հայաստանի սուվերենության աստիճանի իջեցում: «Նման փաստաթուղթ ստորագրելով, Հայաստանը պաշտոնապես ճանաչում է այն փաստը, որ իր տարածքում անկարող է անվտանգություն ապահովել և այդ պարտականությունը հանձնում է մասնավոր կազմակերպությանը, որն ավելի վստահելի է, քան ՀՀ անվտանգության մարմինները:
Դա հիմք կհանդիսանա, որ ՀՀ այդ տարածքի վրա վերահսկողություն սահմանելու հայտ ներկայացնեն այլ մասնավոր ընկերություններ, որոնց ակցիաները կարող են բորսաներում գնել անհայտ, կամ հայտնի ծագման անձինք… Սակայն, սա ընդամենը սկիզբն է, մեծ պայքար է սպասվում արտաքին խաղացողների միջև, ինչը կարող է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների միջև ռազմական գործողությունների սկիզբ հանդիսանալ»,- նշեց Դանիելյանը։
Ընդ որում ուշագրավ է, որ նման գաղափարին մեծապես աջակցում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նրանք հրճված են:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը հիմնված է Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախչըվանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացման, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի հետ Հայաստանի տրանսպորտային կապերի ստեղծման վրա,- գրում է haqqin.az կայքը։- Այնպես որ տվյալ պահին վեճերի հիմնական առարկան Ադրբեջանը Նախչըվանին միացնող երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներին Հայաստանի մաքսային և սահմանային հսկողության հարցն է: Հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել այդ գործառույթների փոխանցումը չեզոք մասնավոր ընկերությանը»:
«Իրանի հետ Հայաստանի տրանսպորտային կապերի ստեղծում Ադրբեջանի տարածքով». լավ է, չէ՞։ Իսկ ի՜նչ զարմանալի միահունչ են ՀՀ ԱԳՆ-ի և ադրբեջանական կողմի մոտեցումները։ Իսկը սրտի տոն:
Մինչդեռ հայ քաղաքագետի այն խոսքերի համատեքստում, որ թույլ տալով միջպետական սահմանի վերահսկողության փոխանցումը մասնավոր կազմակերպությանը՝ Հայաստանն ըստ էության պաշտոնապես ընդունում է իր տարածքում անվտանգության ապահովման անկարողության փաստը, ակամայից մտաբերում ենք հետևյալը. երբ 2022 թվականին Ադրբեջանը ռազմական էքսպանսիա իրականացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, այսինքն, պարզ ասած, ներխուժեց մեր երկիր, փաշինյանական իշխանության ներկայացուցիչները պնդում էին, թե իրենք ի վիճակի են դիմակայել սպառնալիքին։
Հիշենք, այն ժամանակ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր, իսկ այժմ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը Մոսկվայում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական հանձնաժողովների նախագահների խորհրդակցության ժամանակ հայտարարում էր, թե «Հայաստանում այն իրավիճակը չէ, որ մենք ստիպված լինենք օգնության կանչել ՀԱՊԿ-ին։ Մեր երկրում բավական բարդ իրավիճակ է, բայց Հայաստանի իշխանությունները վերահսկողության տակ են պահում այն»։ Իբր՝ Հայաստանը մտադիր չէ «Ադրբեջանի հետ սահմանային բախումների պատճառով» ՀԱՊԿ-ից խնդրել ռազմական համակազմ մտցնել իր տարածք։
«Այն սպառնալիքը, որ կա, համակարգային սպառնալիք է։ Մենք ի վիճակի ենք վերացնել դա։ Հայաստանի քաղաքական ղեկավարության ուժը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, նրանում է, որ նախընտրում է կարգավորել խնդիրները բանակցությունների միջոցով, այլ ոչ թե կրակոցներով»,- հայտարարում էր Արսենյանը։
Սակայն, ինչպես պարզվեց, խնդիրները բանակցությունների, այլ ոչ թե կրակոցների միջոցով կարգավորելու Հայաստանի քաղաքական ղեկավարության ունակությունը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, բնավ չհանգեցրեց նրան, որ ադրբեջանական զինված ուժերը դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից։ «Բնակռելով» այստեղ 2021 թվականի մայիսին՝ Ադրբեջանն այդ ժամանակից ի վեր պարբերաբար պատառներ է հափռել հայկական հողից, և մինչ օրս էլ դեռ այստեղ է։ Իսկ համակարգային սպառնալիքը ինչպես որ կար, այնպես էլ մնացել է, և ավելին՝ խորացել է Ադրբեջանին արվող միակողմանի զիջումների համատեքստում։ Եթե, օրինակ, Կիրանցում երեխաները ստիպված են դպրոց գնալ ադրբեջանական նշանառուներից 40 մետր հեռավորության վրա, ապա դա ի՞նչ է նշանակում։
Իսկ ներկայումս, միջպետական սահմանի վերահսկողությունը մասնավոր կազմակերպությանը փոխանցելու հայկական ղեկավարության ծանուցած (պետք է ենթադրել՝ ի հրճվանս թուրք- ադրբեջանական տանդեմի) հնարավորության հեռանկարում ստացվում է, որ «մենք ենք մեր գլխի տերը» թեմայով պարծենկոտ խրոխտանքը հերթական դատարկախոսությո՞ւնն է։ Քանզի նման փաստաթուղթ ստորագրելով՝ Հայաստանն իսկապես կհաստատի, որ իր պետական կառույցներն անկարող են ապահովել հաղորդակցությունների անվտանգությունը և այդ պատասխանատվությունը դնում են մասնավոր կազմակերպության վրա, որն ավելի հուսալի է, քան Հայաստանի անվտանգային մարմինները։ Գումարած հիմնավոր մտավախություններն առ այն, որ «մասնավորի» հետևում իրականում կարող է թաքնված լինել ցանկացած տեսակի ծուղակ։ Եվ եթե «մասնավորը», այլ ոչ թե պետությունն է վերահսկելու միջպետական սահմանը, ապա ի՞նչ է դա, գրողը տանի, եթե ոչ տխրահռչակ «միջանցք»։
Որտե՞ղ է այս ամենում նշմարվում մեր սահմաններին ուղղված «համակարգային սպառնալիքի» նույնիսկ ոչ թե վերացման, այլ նվազեցման չնչին իսկ նշույլ։