ՌԴ ԱԳՆ-ն հայկական լրատվամիջոցներին մեղադրել է «ապատեղեկատվական արշավի» մեջ
Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ Ռուսաստանի դիրքորոշումը տարածաշրջանում տրանսպորտային շրջափակման վերացման վերաբերյալ հայտնի է: Այն ոչ մի փոփոխության չի ենթարկվել։ Դրա մասին սեպտեմբերի 11-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին՝ փոխվե՞լ է արդյոք Մոսկվայի դիրքորոշումը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։
Հարցը, մասնավորապես, վերաբերում էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որն ասել էր, որ այսպես կոչված. «Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները։
Բացի դրանից, լրագրողը Մարիա Զախարովային հիշեցրել է իր իսկ խոսքերը, որ Ռուսաստանը «Զանգեզուրի միջանցք» եզրույթը չի գործածում։
«Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ Ռուսաստանի դիրքորոշումը տարածաշրջանում տրանսպորտային շրջափակման վերացման վերաբերյալ հայտնի է։ Այն ոչ մի փոփոխության չի ենթարկվել։ Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների համապարփակ ապաշրջափակման օգտին՝ միաժամանակ անվերապահորեն հաշվի առնելով ներգրավված բոլոր կողմերի շահերը։
Ելնում ենք նրանից, որ հարցի լուծումը հիմնված է փոխադարձաբար ընդունելի մոտեցումների վրա՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան, որոնք արձանագրվել և ընդունվել են 2020-2022 թվականներին», -նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Միևնույն ժամանակ նա մեջբերել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը։
«Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը կապաարգելափակվեն։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը կազմակերպելու նպատակով։
Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայությունը, կողմերի համաձայնությամբ, կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը»։ Մեջբերման ավարտ: Վերջ: Ամեն ինչ առավելագույն չափով պարզ է։
Միանգամայն հասկանալի է՝ ով ինչ պետք է անի, երբ, ինչպես և ինչ պետք է արվի, և ինչ սկզբունքներով պետք է աշխատանքը կառուցվի։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ ոչ ոք չի շահարկում այդ փաստաթղթերը, ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չեն չեղարկել են այդ փաստաթղթերի ստորագրությունը: Ոչ մի կերպ ՝ ոչ ամբողջությամբ, ոչ մասամբ դրանից չեն հրաժարվել։
Մեր կողմից 100%-ով հավատարիմ ենք վերը նշված պարտավորություններին և վստահ ենք, որ նման բանաձևը համապատասխանում է ոչ միայն Բաքվի և Երևանի, այլ նաև բոլոր հարևանների, նկատի ունեմ տարածաշրջանի հարևաններին, տարածաշրջանի բոլոր պետություններին, դրանց թվում՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի շահերին:
Իսկ մամուլում շրջանառվող ակնարկները՝ իբր գոյություն ունեցող աշխարհաքաղաքական սահմանները փոխելու, Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը սպառնացող վտանգների մասին, կարդացել եմ նաև Երևանի վրա միջանցքն ուժով պարտադրելու մասին, այս ամենը իրականությանը չի համապատասխանում»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Ըստ նրա՝ «եթե ինչ-որ մեկը փորձում է վիճարկել կամ կասկածի տակ դնել պետությունների ինքնիշխանությունն ու անկախությունը, դա իրականում մեր ընտրությունը չէ»:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության հետևողական դիրքորոշումն այն է, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը վաղուց կարող էր լուծվել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի, Ադրբեջանից Շահին Մուստաֆաևի և Հայաստանից Մհեր Գրիգորյանի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում։
«Եռակողմ աշխատանքային խումբը, հիշեցնեմ, ստեղծվել է եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Դրանք ամենաբարձր մակարդակի են հասել 2021 թվականի հունվարի 11-ին։ Ցավոք, ոչ մեր մեղքով այս խմբում աշխատանքը կանգ է առել։ Կարծում եմ՝ կարող եք գուշակել՝ ում մեղքով։
Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում լիարժեք փոխգործակցության շուտափույթ վերսկսումը ոչ միայն ուղղակիորեն կնպաստի Հարավային Կովկասի տրանսպորտային հաղորդակցության համակարգի վերականգնմանը, այլ պարզապես կապահովի ամբողջ տարածաշրջանի հետագա սոցիալ-տնտեսական զարգացումը։ Ինչ նպատակով, այդ թվում հայկական լրատվամիջոցներում, այս թեմայով մի ամբողջ ապատեղեկատվական արշավ է սկսվել, ինձ համար այնքան էլ պարզ չէ։ Բայց այստեղ, ինձ թվում է, վերջակետները դրված են»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
News.am