Գալուզինը և Քըլըչը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղիները

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այսօր քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղիները: Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«Երկուստեք հետաքրքրություն են հայտնել շարունակել երկու երկրների մոտեցումների սերտ համակարգումը, այդ թվում՝ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում»– ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նշենք, որ այսօր ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպել էր նաև Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանին, որն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել Գալուզինին։

Հիշեցնենք` հուլիսի 30-ին Մարգարա-Ալիջան սահմանային հատվածում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնեց, որ Երևանն ու Անկարան պայմանավորվել են գնահատել տեխնիկական կարիքները, որոնք թույլ կտան գործարկել Ախուրիկ-Աքյակա երկաթուղային սահմանային անցումը, ինչպես նաև փոխադարձաբար հեշտացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար: Նրանք կարևորել են առանց որևէ նախապայմանի երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակումը:

Sputnik Արմենիա