Փաշինյանը պետք է մասնակցի COP 29-ին. ակցիա ՀՀ կառավարության շենքի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը պահանջում է, որ ՀՀ իշխանությունը դիվանագիտական օրակարգում ներառի ավելի քան 30 տարի առաջ Ադրբեջանի ԽՍՀ-ից բռնի տեղահանված 1.2 մլն հայերի անվտանգ վերադարձն Ադրբեջան` իրենց բնակավայրեր։ Շարժումն այսօր ակցիա իրականացրեց ՀՀ կառավարության շենքի մոտ` պահանջագիր ներկայացնելով ՀՀ իշխանությանը։

 

«Մենք նաև պահանջում ենք, որ հայ գերիները վերադարձվեն մինչև COP 29-ը։ ՀՀ կառավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում այս ուղղությամբ, և «Միասին» շարժումն այս հարցը բարձրացնում է, քանի որ իշխանությունը պատկանում է ժողովրդին »,–լրագրողներին ասաց շարժման համակարգող խորհրդի անդամ Նարինե Դիլբարյանը։

Նա ընդգծեց, որ կառավարությունները գալիս ու գնում են, բայց միջազգային օրակարգերն ամուր մնում են։ Դիլբարյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը կեղծ միջազգային օրակարգ է բերել ադրբեջանցի 300.000 փախստականների վերադարձի հարցը։

«Ալիևն անընդհատ խոսում է դրա մասին, և եթե Փաշինյանը չի խոսում, դա դեռ չի նշանակում, որ այդ խնդիրը և մեր պահանջատիրությունը վերացած է»,–ասաց նա։

Դիլբարյանը շեշտեց` այժմ շատ կարևոր է, որ ՀՀ վարչապետը մասնակցի COP 29-ին ու այս բոլոր հարցերը բարձրացնի այդ միջոցառման ժամանակ։

Նշենք, որ պահանջագրի մեջ ընդգծվում է` տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները, տեղի տալով ադրբեջանական խեղաթյուրումներին, թե՛ պաշտոնական տեղեկատվությամբ, թե՛ հրապարակային ելույթներում հնչեցրել են Ադրբեջանից արտաքսված հայերի ոչ հավաստի թիվ` 600-700 հազար, ըստ ամենայնի հիմք ընդունելով միայն Հայաստան տեղափոխված ու այստեղ որպես փախստական գրանցված հայերի թվաքանակը: Հիշեցվում է համացանցում առկա Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի ելույթը, որտեղ նա փաստում է, որ միայն Բաքվում 1988թ. դրությամբ ապրում էին 500 հազար հայեր: Հայերն իրենց բնօրրանում ապրել են ամենուրեք` Արցախում` 96%, Նախիջևանում (60% և ավելի) Գանձակ- Կիրովաբադում` 50%, Շահումյանի, Քարհատի (Դաշքեսանի), Խանլարի, Շամխորի շրջաններում` 70-95%, Մինգեչաուրում, Եվյախում, Գերանբոյում, Շեմախայում, Շեքիում, Ղազախում, Թովուզում, Բարդայում, Զակատալայում, Սումգայիթում:

«Միասին» շարժման խորհուրդը վստահ է, որ հայ ժողովրդի օրինական իրավունքների ոտնահարման պայմաններում տարածաշրջանում չի կարող իրական խաղաղություն հաստատվել:

Sputnik Արմենիա