Փոշու ահռելի ամպ․ Երևանում բարձրահարկ շենքի քանդումն իրականացվել է խախտումներով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախօրեին Երևանում քանդվել է Պարույր Սևակ 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շենքը։ Քանդման աշխատանքներն իրականացվել են խախտումներով՝ առաջացնելով բնակիչների դժգոհությունը։
Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մոնտաժումն իրականացրած ընկերությունը կտուգանվի։
Ինչպես «Ազատություն» ռ/կ–ի ռեպորտաժում նշել են մոտակա շենքերի բնակիչները, շենքի քանդման պահին ոչ մի ոստիկան, կարգավորող, փողոց փակող չի եղել։
«Երեք ամիս շարունակ բոլոր ատյաններով բողոքել ենք ու կարծել, որ չեն պայթեցնի։ Այդ փոշու ամպի պատճառով կիլոմետրերով փոշի է եղել», – նշել են հարակից շենքերի բնակիչներն՝ ավելացնելով, որ պայթեցնելուց առաջ ոչ մեկին չեն զգուշացրել, փողոցում մարդիկ են եղել անցնելիս։
Բնակիչները հայտնել են, որ նախկինում բողոքել են, քանի որ քանդման հետևանքով հարակից շենքերի պատերին կարող էին առաջանալ ճաքեր, վնասվածքներ, փոշի։
Նրանք նաև նշել են, որ իրենց պատշգմաբներում, պատուհանների վրա 1սմ փոշի է։
Քաղաքապետարանի արձագանքը
Միջադեպին արձագանքել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ նշելով, որ ընկերությունը նախագծից շեղում է իրականացրել։
«Այս դեպքում ըստ Երևանի քաղաքապետարանի լիազորությունների շրջանակի, քաղաքապետարանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը վարչարարություն կիրականացնի նշված ընկերության նկատմամբ, նախատեսված է տուգանք», – նշել է նա։
Ըստ Կոստանյանի, տուգանքի չափը կազմում է 750․000 դրամից մինչև 1,5մլն դրամ։
Կոստանյանը նաև հայտնել է, որ քաղաքապետարանը թույլատրել էր շենքը հարկ առ հարկ քանդել, որպեսզի լինի ավելի անվտանգ և չլինի փոշի։
ՄԻՊ–ի արձագանքն ու քրեական վարույթի գրությունը
Միջադեպին նաև արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանը։
Պաշտպանի հաղորդագրության մեջ նշվում է, որ խիստ մտահոգիչ և անթույլատրելի է մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող, շրջակա միջավայրին վնաս հասցնող եղանակով, ինչպես նաև աշխատանքի անվտանգության կանոնների պահանջների առերևույթ չպահպանմամբ՝ Երևան քաղաքի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շինությունների մի մասի ապամոնտաժումը:
Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ ոլորտը կարգավորող իրավական ակտերի և բազմահարկ շենքի ապամոնտաժման եղանակների, ինչպես նաև քանդման թույլտվության հիմքում ընկած փաստաթղթերի և առաջարկվող քանդման եղանակների միջև առկա առերևույթ հակասությունների մասին ավելի վաղ տեղեկացրել էր իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պահանջել խնդիրը մարդու իրավունքների չափանիշներին համապատասխան լուծելու առնչությամբ պատշաճ քայլեր ձեռնարկել: Ավելին, նշված հարցի առնչությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ Պաշտպանի նախաձեռնությամբ կազմակերպվել են մի շարք քննարկումներ:
Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարել և այն, որ այս ամիսների ընթացքում տարբեր ձևաչափով իրականացվել են ապամոնտաժման գործընթացի հետ կապված աշխատանքներ, մինչդեռ հարակից շենքերի բնակիչները որևէ կերպ պատշաճ եղանակով տեղեկացված չեն եղել , ինչը վերջիններիս մոտ առաջացրել է հոգեճնշող և խուճապային տրամադրություններ:
Ավելին, որոշ իրավիճակներում Պաշտպանն արձանագրել է երեխաների անվտանգության հետ կապված խնդիրներ:
«Իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունների (անգործության), ինչպես նաև ապամոնտաժման աշխատանքներն իրականացնելու գործընթացում ներգրավված անձանց և կազմակերպությունների կողմից հնարավոր խախտման հանգամանքները քրեական վարույթի շրջանակում քննարկման առարկա դարձնելու նպատակով համապատասխան գրություն կհասցեագրվի ՀՀ գլխավոր դատախազություն: Վերոգրյալի հետ մեկտեղ գրություններ կհասցեագրվեն նաև համապատասխան տեսչական մարմիններին, իրենց իրավասությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկելու պահանջով», – ընդգծել են ՄԻՊ–ի գրասենյակից։
Նովոստի–Արմենիա