Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում շուրջ 30 միջոցառում կանցկացվի Երևանում
Երևանում շուրջ 30 միջոցառում կանցկացվի Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Եվրասիական տնտեսական միության մարմիններում ՀՀ նախագահության շրջանակում Երևանում կանցկացվի Եվրասիական տնտեսական 3-րդ համաժողովը։ Այն նվիրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 10-ամյակին, ինչով պայմանավորված` միջոցառման հիմնական թեման է՝ «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ»։
«Համաժողովի բիզնես ծրագիրը ներառում է շուրջ 30 միջոցառում։ Հիմնական թեման ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների ամենաարդիական և տարածված հարցերի վերհանումն է»,– ասված է հաղորդագրությունում։
Եվրասիական տնտեսական համաժողովի անցկացումն ուղղված է անդամ պետությունների և երրորդ երկրների խոշոր, միջին և փոքր բիզնեսի ղեկավարների, անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, ԵԱՏՄ երկրների պետական մարմինների ղեկավարների, գիտական և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը, արտահանման ներուժի խթանմանը, տնտեսվարող սուբյեկտների միջև կոոպերացիոն կապերի ձևավորմանը և ներդրումային և նորարարական ներուժի համադրությամբ սիներգիկ էֆեկտին հասնելուն:
Sputnik Արմենիա