2018-ԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԱՆՎՃԱՐ ԲԵՄ ՍԱՐՔԱԾ ՁԵՌՆԵՐԵՑ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԸ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՐԱՄՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԵՆ ԿՆՔԵԼ ԱԳՆ-Ի ՀԵՏ
2018թ.-ի հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանն աջակցելու համար Գևորգ Աղաբալյանը Հանրապետության հրապարակի հանրահավաքների ժամանակ անվճար բեմահարթակ է տրամադրել։ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի իշխանության գալուց հետո պետական բյուջեից միջոցառումներ կազմակերպելու համար միլիոնավոր դրամներ են հատկացվել Գևորգ Աղաբալյանի և նրա կնոջ կազմակերպություններին։ Այս մասին գրել է Hetq.am-ը:
Արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 9-11-ը Երևանում կազմակերպել էր «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումը։ Միջոցառման կազմակերպման համար պետական գնման 2 պայմանագիր է կնքվել «Մարիամ Աբգարյան Հովսեփի» ԱՁ-ի և «Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ի հետ։ Առաջին պայմանագրի արժեքը 73 մլն 678 հազար դրամ է, երկրորդինը՝ 51 մլն 924 հազար դրամ։ Մարիամ Աբգարյանը և Գևորգ Աղաբալյանը ամուսիններ են։
Մարիամ Աբգարյանի հետ կնքված պայմանագրով 3 տարբեր կոնֆերանս սրահներում նախատեսված էին հետևյալ աշխատանքները` սրահների 3D մոդելավորում, անիմացիոն հոլովակների պատրաստում (միջինը 30 վայրկյան տևողությամբ), 4 և 3 մետր բարձրությամբ պատերի պաստառների պատրաստում, սրահի դիմային հատվածի պաստառապատում, բեմահարթակի պատրաստում։ Պայմանագրով նախատեսվում էր նաև 2 օրվա ընթացքում թարգմանության, նկարահանման և մոնտաժի, բեռնափոխադրման, տեխնիկական տնօրենի և ինժեների ծառայությունների մատուցում։
Ֆորումի մյուս կազմակերպչի՝ «Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ի հիմնադիր Գևորգ Աղաբալյանի ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելով` պարզեցինք, որ Աղաբալյանը մի շարք լուսանկարներ ունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Կառավարության ներկայացուցիչների հետ։
«Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ն պետական գրանցում է ստացել 2008-ին, իսկ «Մարիամ Աբգարյան Հովսեփի» ԱՁ-ն` 2019-ին։ Սակայն երկուսն էլ պետական գնումների համակարգում հայտնվել են 2019 թվականից հետո։
«Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ի հետ 2019-2024 թթ. պայմանագրեր են կնքել 7 տարբեր գերատեսչություններ՝ Արտաքին գործերի, Էկոնոմիկայի, Պաշտպանության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները, Սյունիքի մարզպետի աշխատակազմը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (2019-ին առանձին նախարարություն էր) և վարչապետի աշխատակազմը։ «Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ի հետ կնքվել է ընդհանուր 10 պայմանագիր։ Այս պայմանագրերից 3-ը կնքվել է մեկ անձից գնման ընթացակարգով, 2-ը՝ հրատապ մեկ անձից։ Երեք դեպքում տեղի է ունեցել էլեկտրոնային աճուրդ, մեկում՝ գնանշման հարցում, իսկ ԿԳՄՍՆ-ն այս ԱՁ-ին տվել է դրամաշնորհ՝ ԱՊՀ պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի և «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջոցառումների եզրափակիչ փուլի կազմակերպման համար։
«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի կազմակերպման համար պայմանագիրը ԱԳՆ-ի հետ կնքվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Հրավերն ուղարկվել է օգոստոսի 7-ին։ Գնառաջարկ է ներկայացրել միայն «Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ն։ Նույն օրը նա ընտրվել է որպես հաղթած մասնակից, իսկ պայմանագիրը կնքվել է հաջորդ օրը՝ օգոստոսի 8-ին։
«Մարիամ Աբգարյան Հովսեփի» ԱՁ-ի հետ ավելի քիչ թվով պայմանագրեր են կնքվել. 2021-2024 թվականներին՝ 4 պայմանագիր, տարեկան՝ մեկը։ 3 պայմանագիր կնքել է ԱԳՆ-ն, մեկը՝ Երևանի քաղաքապետարանը։ Պայմանագրերի ընդհանուր գումարը 160 մլն 799 հազար դրամ է։