«Արտակ Զեյնալյանին ասեցինք` ցրե'ք ՍԴ-ն և ԲԴԽ-ն». Թովմասյանը հիշեցրեց է «Իմ քայլի» փակ հանդիպման մանրամասները

Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները ՍԴ-ի վերաբերյալ քաղաքական նպատակադրումներով քննադատություններ առավելապես սկսեցին հնչեցնել և անձնավորված մոտեցումներ դրսևորել այն ժամանակ, երբ ՍԴ-ում մուտքագրվեց կոնկրետ անձի կողմից ներկայացված կամ նրան առնչվող դիմումները և դրանցով ընդունվեցին համապատասխան որոշումներ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, դատարանում հայտարարեց ՍԴ նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ ներկայացնելով իր պաշտպանական ճառը:

«2019-ի մայիսի 18-ին առաջին ատյանի դատարանի կողմից կայացվում է որոշում կոնկրետ անձի կալանքը որպես խափանման միջոց փոխելու և նրան ազատ արձակելու որոշում: Նույն թվականի մայիսի 19-ին վարչապետը դիմում է հանրությանը կոչով դատարանների, այդ թվում ՍԴ-ի մուտքերը և ելքերը արգելափակելու համար: Ակցիային միանում է 1100 մարդ, այդ թվում պատգամավորներ, պաշտոնյաներ, կուսակցականներ: Մայիսի 21-ին մամուլում հայտնվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների փակ նիստից հետևյալ ձայնագրությունը. «Արտակ Զեյնալյանին էդքան ասեցինք՝ ցրեք ԲԴԽ-ն, ցրեք ՍԴ-ն, դա կարող եք անել անցումային արդարադատություն իրականացնելով:Արդարադատության նախարարն ասում է՝ նշանակված պաշտոնատար անձինք ունեն լեգիտիմ ակնկալիք»:

Մայիս-հունիսին հրաժարական են ներկայացնում ԲԴԽ 5 անդամներ: Մայիս-հունիսին կոնկրետ անձը դիմումներ է ներկայացնում ՍԴ, որոնք վարույթ են ընդունվում: Այդ անձը, ում կողմից ընդհանուր առմամբ ՍԴ է ներկայացվել 7 դիմում, որտեղ ինձ հետագայում մեղսագրվում է, որ ես ունեցել եմ առանձնահատուկ կողմնակալ դիրքորոշում այդ անձի նկատմամբ: Ես հատուկ չեմ տալիս այդ անձի անունը, որովհետև իր համաձայնությունը չունեմ, շփում էլ չունեմ: (Խոսքն, ըստ ամենայնի Ռոբերտ Քոչարյանի մասին է-խմբ):

Այդ 7 դիմումներից 5-ն ընդհանրապես վարույթ չի ընդունվել: Դիմումներից մեկը բավարարվել է մասանբ և մեկով որոշում է ընդունվել այն ժամանակ, երբ ՍԴ-ի կազմը փոխված էր և ես այլևս ՍԴ նախագահ չէի»,- հայտարարեց Հրայր Թովմասյանը:

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրող կողմը պահանջում է 7 տարվա ազատազրկում: Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը և որակում է այն քաղաքական հետապնդում:

News.am