«ՄԻՋԱՆՑՔՆ» ՈՒ ԿՈՎԵՐԸ

Հետաքրքիր է, Նիկոլ Վովաևիչն ինքը հասկանո՞ւմ է, թե որքան ծիծաղելի է, երբ ջանում է ապացուցել անապացուցելին։ Իր ձեռքով է ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Ադրբեջանի արևմտյան շրջաններից դեպի Նախիջևան և հակառակ ուղղությամբ տարանցման վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ զորքերը

ԼԱՎ Է ԴԱ, ԹԵ ՎԱՏ, ԱՅԼ ՀԱՐՑ Է, ԲԱՅՑ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ Է։ Իսկ կատարել չի ուզում, խոստացել է արևմտյան հրահանգիչներին։ Եվ հիմա ամեն խաչմերուկում ճղավում է, թե Եռակողմ հայտարարության մեջ չկա դրույթ, որ Հայաստանի տարածքում որևէ երրորդ երկիր վերահսկողություն իրականացնի տարանցման նկատմամբ։

Իբր՝ ինքը չի հասկանում, թե ոնց կարելի է խոսել այն մասին, ինչը չկա Եռակողմ հայտարարության մեջ, չեք էլ ամաչում... Մոսկվայում համբերում, դիմանում են, բայց ժամանակ առ ժամանակ այնուամենայնիվ դիտողություն են անում. 9-րդ կետը պետք է մեջբերել ամբողջությամբ, և այդժամ կտեսնի այն, ինչն այդպես համառորեն ժխտում է։

Եվ ի՞նչ է անում դրանից հետո մեր վարչապետը։ Նա խորհրդարանի ամբիոնից մեջբերում է իրեն զայրացնող դրույթը. «Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»: Բայց տեղնուտեղն էլ ոգևորված հավելում. «Որտե՞ղ է գրված, որ ԱԴԾ-ի վերահսկողության այդ մարմինները պետք է ներկա լինեն այստեղ։ Որտե՞ղ է գրված: Չկա՛ նման բան»։ Ասել է թե՝ որտե՞ղ է գրված, որ ռուս սահմանապահները պետք է կանգնեն հենց այդ տարանցիկ ճանապարհի վրա… Նորից գժի տեղ է դնում իրեն, իր ոճով։ Այսինքն ուզում է ասել մեր վարչապետը, որ նրանք կարող են վերահսկել տարանցումը զորօրինակ Վորկուտայից...

Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ զորքերն են իրականացնում Թուրքիայի և Իրանի հետ սահմանների հսկողության ծառայությունը։ Հետաքրքիր է, Փաշինյանի տրամաբանությամբ՝ նրանք կարող են ծառայություն իրականացնել ոչ թե սահմանին, այլ հսկել դա, ասենք, Մագադանի մոտերքի՞ց։ Ինչի՞ համար է այս մանկական դատարկախոսությունը, Փաշինյա՛ն։ Եթե չես ուզում կատարել 9-րդ կետը, այդպես էլ ասա՝ չեմ ուզում։ Առիթներ կան. այլ կետերի կամ այդ կետերի առանձին դրույթների չկատարումը։

Հենց թեկուզ կետը ռազմագերիների մասին, որովհետև, ինչպես հիշեցնում են ընդդիմադիրներդ, Բաքվի բանտերում տառապում են ոչ միայն նոյեմբերի 9-ից հետո գերեվարված պատանդներ, այլև 44-օրյա պատերազմի օրերին գերեվարված ռազմագերիներ։ Դու հո շատ լավ գիտես դա, առավել քան որևէ այլ ոք: Դրա համար էլ խուսափում ես կոնկրետ պատասխանել պատգամավոր Աննա Գրիգորյանի կոնկրետ հարցին։ Եվ բացի ամենից՝ հենց այդ պատճառով էլ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ հենց դու ես համաձայնություն տվել գերության մեջ նրանց մնալուն նաև Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Ո՞րն է ամենացավալին: Բնավ ոչ Փաշինյանի մանկական խաղերը՝ լավ նշմարվող իմաստով, այլ մի տխուր միտում։ Այն, ինչի համար կատաղի «պայքարում» է Փաշինյանը, որպես կանոն, մենք կորցնում ենք հնարավոր վատթարագույն տարբերակով։ Այդպես եղավ Արցախի պարագայում, որի համար կատաղի «պայքարում» էր Փաշինյանը, իսկ հետո սկսեց երդում-պատառ ուտել, թե Արցախը հանձնվել է դեռևս 1996-ին ...

Հետո նա ոչ պակաս կատաղի պայքարում էր Հայաստանի ինքնիշխանության համար։ Այն աստիճան կատաղի, որ աջուձախ տարածքներ ենք հանձնում ու հպարտ հայտարարում, որ ուժային ճանապարհով դրանք ազատագրելու ոչ մի մտադրություն չունենք։ Եվ «ինքնիշխանորեն» հույսներս դնում Իրանի վրա, որը հայտարարում է, որ չի հանդուրժի Հայաստանի ինքնիշխանության խախտում։

Հիմա էլ ահավասիկ մոլեգնող Փաշինյանի թեթև ձեռքով պայքարում ենք, որ «միջանցք» չհանձնենք Ադրբեջանին։ Որովհետև չենք ուզում, որ Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը հսկող ռուսները հսկեն նաև տխրահռչակ «միջանցքը» անմիջականորեն «միջանցքից»…

Ինչպե՞ս է ավարտվելու այս ամենը: Ներող կլինեք տխուր կանխատեսման համար, բայց նրանով, որ կհանձնենք «միջանցքն» Ադրբեջանին հնարավոր վատթարագույն տարբերակով։ Բայց հետո կասենք, թե դա անկախ Հայաստանի ամենամեծ նվաճումն է։ Բնականաբար՝ Կիրանցի ցանկապատից հետո, որը ոչ մի նորմալ կով չի հաղթահարի։

Փաշինյանն ասաց՝ կովը չի՛ անցնի։