«Ֆորմուլա 1-ը» չի կարող չտեսնելու տալ Ադրբեջանում մարդու իրավունքների դեմ իրականացվող խախտումները

Free Armenian Prisoners շարժումն այսօր բաց նամակ է հղել «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարի գործադիր տնօրեն Ստեֆանո Դոմենիկալիին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների դեմ՝ Բաքվում անցկացվելիք Գրան Պրիին ընդառաջ:

Նամակը ստորագրել են բրիտանացի հայտնի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ լորդ Ալթոնը, բարոնուհի Քերոլայն Քոքսը, պատգամավոր Էնդրյու Ռոզինդելին, ինչպես նաև բրիտանահայ համայնքի ղեկավարներ: Նրանք պահանջում են անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար:

«Նրանք պատանդ են պահվում, ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի, մերժվում է արդար դատավարությունների անցկացումը: Աշխարհն էլ հետևում է, թե ինչ է կատարվում «Ֆորմուլա 1-ը» չի կարող չտեսնելու տալ մարդու իրավունքների դեմ իրականացվող այս աղաղակող խախտումները։ Խախտումներ, որոնք տեղի են ունենում իրենց միջոցառման ստվերում. շահը չպետք է մարդու իրավունքների հաշվին լինի: «Ֆորմուլա 1»-ը պետք է դադարեցնի Ադրբեջանի նման վարչախմբերի ոճրագործությունները «սպորտվոշ» անել (սպորտի միջոցով մաքրագործում)։ Բարձրաձայնելով այս անարդարության մասին և կոչ անելով ազատ արձակել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ քաղբանտարկյալներին՝ «Ֆորմուլա 1»-ը կարող է ցուցաբերել մարդու իրավունքների պաշտպանության հարցում իր ունեցած հանձնառությունը»,-նշվում է նամակում։

News.am