Հայ փրկարարներն ավարտել են ԱԹՍ-ների կիրառման խորացված դասընթացները

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ծառայողները հաջողությամբ ավարտել են փրկարարական գործողությունների ժամանակ ԱԹՍ-ների հնարավորությունների խորացված ուսումնառության դասընթացները: Տեղեկությունը հայտնում է Հայ–ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը։

Նշվում է, որ դասընթացն անցկացվել է սեպտեմբերի 9-13-ը։

«Ունկնդիրները ծանոթացան նախապես սահմանված կոորդինատներով ավտոմատ թռիչքներ իրականացնելու համար նախատեսված հատուկ ծրագրային ապահովմանը: Ստացված տվյալների հիման վրա փրկարարները սովորեցին կազմել որոնողա-փրկարարական աշխատանքների իրականացման տարածքների մանրամասն քարտեզներ և դրանց վրա կատարել տարածական չափումներ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Դասընթացի շրջանակներում մշակվել են նաև լազերային հեռաչափերի և ջերմային պատկերման խցիկների միջոցով տուժածների և հրդեհի օջախների որոնման մեթոդները:

Կենտրոնը համագործակցության է հրավիրում Հայաստանի և այլ երկրների կազմակերպություններին, որոնք հետաքրքրված են արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ոլորտում իրենց մասնագետների մասնագիտական պատրաստվածությամբ:

Sputnik Արմենիա