Օվերչուկ․ ՀՀ-ՌԴ ապրանքաշրջանառությունը 2024-ին կարող է կազմել 14-16 մլրդ դոլար

Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականին կարող է կազմել 14-16 մլրդ դոլար, ինչը վեց անգամ շատ է 2020 թվականի ցուցանիշից (2,3 մլրդ դոլար)։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ ՌԴ-ի և ՀՀ-ի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հետ հանդիպման ժամանակ։

«Թվերն ու փաստերը բարձրագոչ բառերից խոսուն են։ 2023 թվականին Ռուսաստանի և Հայաստանի փոխադարձ առևտուրն աճել է 55,8%-ով՝ հասնելով 7,4 մլրդ դոլարի։ Այս տարի աճն արագացել է։ Միայն այս տարվա առաջին կիսամյակում մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 8,4 մլրդ դոլար»,-ասել է նա։

Օվերչուկը նշել է, որ Հայաստանի տնտեսության աճի մեջ դրական դինամիկա են մտցնում ԵԱՏՄ շրջանակներում երկրների միջև ձևավորված հարաբերությունները: 2015 թվականին միությանը միանալուց ի վեր Հայաստանի մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն աճել է 2,3 անգամ։

Կողմերը քննարկել են արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի, ֆինանսների և ներդրումների ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման ընթացիկ հարցեր: Միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպման ընթացքում առանձին ուշադրություն է հատկացվել համագործակցության հումանիտարար ոլորտին։

Մտքեր են փոխանակվել միջին և բարձրագույն կրթության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման միջոցով ռուս-հայկական հումանիտար կապերի խորացման հեռանկարների շուրջ:

Հանդիպման արդյունքում միջկառավարական հանձնաժողովի համանախագահները պայմանավորվել են հանձնաժողովի հերթական նիստն անցկացնել մոտակա ժամանակում Ռուսաստանում։

Sputnik Արմենիա