Օկամպո․ Հայ գերիների ազատման համար աշխարհասփյուռ հայերի ջանքերը պետք է միավորվեն
Հայ գերիների ազատ արձակման գործընթացի շուրջ համաշխարհային հայ համայնքի ջանքերի միավորումը չափազանց կարևոր է։ Այս մասին Երևանում ասուլիսի ժամանակ հայտարարեց Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն` անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ դեր կարող է այս գործընթացում խաղալ հայկական սփյուռքը։
Օկամպոն ընդգծեց, որ հայ գերիների ազատման վերաբերյալ ամիսներ առաջ համացանցում իր կողմից նախաձեռնված արշավը բավականին hաջողված է։
«Ես մասնակցել եմ տարբեր գործընթացների, որոնք վերաբերել են աշխարհում այլ ցեղասպանությունների, և առաջին անգամ է, որ տեսնում եմ համաշխարհային մակարդակով համագործակցություն, ինչը ֆանտաստիկ ձեռքբերում է։ Այսինքն՝ հայերն այսքան ակտիվ կերպով համագործակցելու աննախադեպ փորձ են ձևավորում։ Սա Հայաստանը պաշտպանելու նպատակով է և չափազանց կարևոր է», - ասաց նա։
Օկամպոն ընդգծեց, որ պատանդների ազատ արձակման ուղղությամբ պետք է ջանքեր գործադրեն բոլոր հայերը։
Նրա դիտարկմամբ՝ այս հարցում հայերը միայնակ չեն, քանի որ շատ ու շատ համալսարաններ և ակադեմիական համայնքներ են միացել այդ նախաձեռնությանը, իսկ հայկական սփյուռքը կարող է, առնվազն, միանալ այդ գործընթացին։
«Առավոտյան արթնանում եք, գրեք սոցցանցերում #COP29 #FreeArmenianHostages (ազատեք հայ պատանդներին) #StopArmenianGenocide (դադարեցրեք Հայոց ցեղասպանությունը): Սա արդեն բավականին ուժեղ ուղերձ կլինի»,- ասաց Օկամպոն։
Այս փուլում Հայաստանի ժողովուրդը, ոչ թե կառավարությունը, պետք է դիմի աշխարհասփյուռ հայությանը, որպեսզի խնդրեն, պահանջեն տարբեր երկրների կառավարություններից՝ Ադրբեջանին ստիպեն ազատ արձակել գերիներին։
«Սա մի մեթոդ է, հնարավորություն, որն ունի սփյուռքը: Մենք ընդլայնում ենք այն երկրների ցանկը, որոնք կարող են դա անել: Սա քաղաքական գործընթաց է, և Կլիմայի կոնֆերանսը փորձություն է, որի միջով մենք պետք է անցնենք, ցույց տալով, որ հնարավոր է մոբիլիզացնել` ողջ աշխարհը հայերի իրավունքները պաշտպանելու համար»,- նշել է Օկամպոն։
Ինչ վերաբերում է միջազգային իրավունքին, Օկամպոն վստահ է, որ այն հայերի կողմն է։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանում անկախ դատավորներ չկան, հետևաբար արդար գործընթաց չի կարող լինել։
Նրա խոսքով՝ արցախահայությունն իրավունք ունի վերադառնալ իր հայրենիք։ Օկամպոն օգնություն է առաջարկել Արցախի ղեկավարներին՝ քննարկելու, թե ինչպես է ծրագրվելու արցախահայերի վերադարձը և ինչպես է Ադրբեջանը ճանաչելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ից 24-ը Ադրբեջանում կանցկացվի Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների COP 29 գագաթնաժողովը։
2023 թվականի դեկտեմբերին որպես բարի կամքի քայլ Հայաստանը իր աջակցությունն էր հայտնել այն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանել իր թեկնածությունը, իսկ Ադրբեջանն իր աջակցությունն էր հայտնել Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը:
Հունիսին վարչապետի մամուլի խոսնակը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` Բաքու մեկնելու և COP 29 ֆորումին մասնակցելու վերաբերյալ խոսակցություններին, ասել էր, որ վարչապետի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում:
Sputnik Արմենիա